Թուրքիայում զինվորականներին դուրս են մղում սպառազինության գնումների գործընթացից

Հոկտեմբերի 7-ից Թուրքիայում գործում են սպառազինության գնումների մասին նոր կանոններ, ըստ որի վարչապետ Էրդողանը և քաղաքացիականներն ավելի մեծ ազդեցություն են ստանում սպառազինության գնումներ կատարելիս, միաժամանակ նվազեցնելով Թուրքիայի Գլխավոր շտաբի դերն այդ գործընթացում: Նման քայլ սպասվում էր դեռևս սեպտեմբերին, երբ 325 բարձրաստիճան զինվորականեր դատապարտվեցին ազատազրկման հեղաշրջում պատրաստելու մեղադրանքով:

Նախկինում գնումների իրականացման գործընթացը սկսվում էր զինվորականների ու ՊՆ մաս կազմող պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) միջև բանակցություներից և ավարտվում Պաշտպանական արդյունաբերություն գործադիր կոմիտեում: Այժմ ծրագրերը հաստատվելու են ՊԱԳՎ-ում, այնուհետև վերջնական հաստատման համար ուղարկվելու են պաշտպանության նախարարին: Այսպիսով, Պաշտպանական արդյունաբերություն գործադիր կոմիտեն այլևս չի մասնակցի գնումների վերաբերյալ վերջնական որոշումների կայացնելու գործընթացին:

Ուշագրավ է, որ կոմիտեն գլխավորում է Արդարության և Զարգացման կուսակցության (ԱԶԿ) ղեկավար ու Թուրքիայի ներկայիս վարչապետ Էրդողանը: Վարչության մյուս անդամներն են պաշտպանության նախարար (նույնպես ԱԶԿ անդամ) Իսմեթ Յըլմազը, ՊԱԳՎ ղեկավար Մուրադ Բայարը և, ամենակարևորը՝ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը: Այսպիսով, վերջինս զրկվեց միլիարդավոր դոլարներ արժողությամբ գնումները վերահսկելու հնարավորությունից։

Իր կարծիքը հայտնելով նոր կանոնների մասին` թուրք վերլուծաբան Ջեյհուն Էրգյուվենն (Ceyhun Erguven) ասել է, որ այն «կկենտրոնացնի բյուրոկրատական որոշումներ կայացնելու մեխանիզմը, և համակարգն ավելի արդյունավետ կդառնա»: Սակայն ժամանակը ցույց կտա արդյունավետությունը, պարզաբանել է վերլուծաբանը:

ՊԱԳՎ-ը նույնիսկ իրավունք է ստացել որոշ դեպքերում գնումներ կատարել առանց մրցույթ հայտարարելու, եթե դա պայմանավորված է «ազգային շահերով, գաղտնիության նկատառումներով» և այլն:

Մեկ այլ թուրք վերլուծաբան, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտնում է, որ կանոնների կետերից մեկը հետագայում կարող է վիճաբանությունների տեղիք տալ: Խոսքը հետևյալի մասին է. «ՊԱԳՎ-ն ունի լիազորություն առանց իրավական պատասխանատվություն կրելու մերժել հայտեր, կամ դրանք ամբողջությամբ կամ մասամբ գնահատել, կամ էլ մրցույթների գործընթացը ամբողջությամբ կամ մասամբ դադարեցնել, կամ էլ պայմանագիր կնքել այն թեկնածուի հետ, որին համապատասխան կհամարի»: Վերլուծաբանը մտավախություն է հայտնել, որ այսուհետ վարչապետի հրամանով վարչությունը փաստորեն կարող է առանց մրցույթի գնումներ կատարել իր նախընտրած կազմակերպությունից:

Վերլուծաբանի խոսքերով ՊԱԳՎ-ն այնուամենայնիվ չի դառնա անձեռնմխելի, քանի որ այդ թվացյալ անձեռնմխելիությունը պարգևող կառավարության որոշումը կարելի է բողոքարկել դատարանում։

Փոփոխությունները նաև հնարավորություն են տվել ՊԱԳՎ պետին սահմանափակել անցանկալի կազմակերպությունների մասնակցությունը մրցույթներին։

Բացի այդ նոր կանոնները ՊԱԳՎ-ին արտոնում են վերանայել արդիականացման արդեն ընդունված ծրագրերը, սակայն առանց դուրս գալու հաստատված բյուջեների շրջանակներից։

Ավելին՝ ՊԱԳՎ-ն այժմ լիազորված է մի քանի ընկերություների մասնակցությամբ ծրագրերում ինքնուրույն որոշել դերերի բաշխումն ու կատարել աշխատանքի բաժանում, քննել հայտային գործընթացներին վերաբերող բողոքները, ստուգումներ անցկացնել:

Արդեն հայտարարվել է, որ բոլոր այն պայմանագրերը, որոնք չեն հաստատվել մինչև հոկտեմբերի 7-ը, պիտի ենթարկվեն նոր կանոններին::

Փաստորեն նոր կարգով են իրականացվելու 4 մլրդ դոլար արժողությամբ հեռահար հակաօդային ու հակահրթիռային համալիրների, 500 մլն դոլարի տրանսպորտային նավերի և 3.5 մլրդ դոլար արժողությամբ 119 ուղղաթիռի գնումները:

Սկզբնաղբյուր. DefenseNews.com

One response to “Թուրքիայում զինվորականներին դուրս են մղում սպառազինության գնումների գործընթացից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *