Վիգեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանում և ԱԳՆ-ում

Դեկտեմբերի 22-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլիի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարի պատվիրակության հանդիպումը Վրաստանի արտգործնախարարությունում

ՀՀ պաշտպանության նախարարի պատվիրակության հանդիպումը Վրաստանի արտգործնախարարությունում

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, տարբեր բնագավառներում համագործակցության ներկա մակարդակն ու զարգացման հեռանկարները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման ու ամրապնդման խնդիրներին: Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ Եկեղեցի, ինչպես նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոն, որտեղ հանդիպել է թբիլիսահայ համայնքի անդամների, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի կառույցների ղեկավարների, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերի մասին:

Թբիլիսիում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Վիգեն Սարգսյանի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վիգեն Սարգսյանի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *