Հայաստանը չի պատրաստվում միացյալ զորախումբն օգտագործել ընդդեմ Վրաստանի: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վրացական «Գռուզիա օնլայն» լրատվական կայքին տված հարցազրույցի ժամանակ:
Տարածաշրջանային անվտանգության համատեքստում Ռուսաստանի և Հայաստանի միացյալ զորախմբի վերաբերյալ Սարգսյանը մասնավորապես նշել է.
«Համատեղ զորախումբը կարող է կիրառվել միայն Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ որոշումներով:Հույս ունեմ, որ մեր երկրների հարաբերությունների պատմությունը և փոխադարձ վստահությունը պետք է հստակ ցույց տան, որ դա հնարավոր չէ [զորախումբն օգտագործել ընդդեմ Վրաստանի — Խմբ] և ակնհայտ է , որ Հայաստանը չի պատրաստվում միացյալ զորախումբը, հետևաբար նաև զինված ուժերը օգտագործել ընդդեմ Վրաստանի»:
Ըստ Վիգեն Սարգսյանի՝ միացյալ զորախմբի ուշադրության կենտրոնում հիմնականում լինելու են մի քանի ուղղություն: Միաժամանակ նախարարը ռուսաստանյան «Լենտա» լրատվական գործակալությանը նախօրեին հայտնել էր, որ նախկինում Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմաբազան պատասխանատու էր նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանների պաշտպանության կազմակերպման համար, այժմ այդ ձևաչափը դուրս է մնացել համաձայնագրից, և բազան Հայաստանի պաշտպանական համակարգի մասն է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ստորագրել են Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության շրջանակներում միացյալ զորախմբի մասին համաձայնագիր: Ըստ համաձայնագրի՝ զորախմբի կազմում են Գյումրիում տեղայկայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան և ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների մի մասը:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 18 – 24 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info