Դեկտեմբերի 21-ին Բելառուսի մայրքաղաք Մինսկում անցկացվել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը, որի ժամանակ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ռազմական կոմիտեի ղեկավարի լիազորությունները հանձնել է Բելառուսի ՊՆ առաջին տեղակալին: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ կայքը:
Նիստի ընթացքում քննարկվել են կազմակերպության 2016թ. աշխատանքները և 2017թ. անելիքները:
Բելառուսի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ 2017-ին ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք «Մարտական եղբայրություն» միակ զորավարժությունը կանցկացվի Ռուսաստանի զինված ուժերի «Արևմուտք-2017» ռազմավարական զորավարժության հետ համատեղ:
Ավելի վաղ՝ հոկտեմբերին, որոշվել էր, որ 2016-ին անցկացրած 4 զորավարժությունների փոխարեն հաջորդ տարի ՀԱՊԿ-ն անցկացնելու է մեկ խոշոր զորավարժություն Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի տարածքներում՝ բոլոր ուժերի ներգրավմամբ:
Զորավարժությունն անցկացվելու է 2017-իի հոկտեմբերին, դրան մասնակցելու են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը և հավաքական խաղաղապահ ուժերը: Զորավարժությունը, որը նախնական ստացել է «Մարտական եղբայրություն» անվանումը, տևելու է մոտավոր 3 շաբաթ:
Իսկ ռուսաստանյան զինված ուժերի «Արևմուտք-2017» զորավարժությունը նախատեսվում է անցկացնել 2017 թվականի սեպտեմբերին, Ռուսաստանի և Բելառուսի մի շարք զորավարժարաններում: Ռուսաստանի պաշտպանության նախարարը նոյեմբերին հայտարարել է, որ զորավարժության սցենարի վրա աշխատելիս հաշվի են առնելու ՆԱՏՕ-ի ակտիվության աճը: