Ստեղծվել է զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողով

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի շրջանակներում ստեղծվել է 2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

Հանձնաժողովը կղեկավարի ՀՀ ՊՆ կից հասարակական խորհրդի նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը անցկացվելու են Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ առավոտյան ժամը 10-ին: Առաջին նիստը կայանալու է դեկտեմբերի 22-ին:

Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար: Տեղեկությունների համար զանգահարել 010523482 հռախոսահամարով:

Հիշեցնենք, որ զինված ուժերի զորակոչ և զորացրում անցկացնելու մասին հրամանագիրը ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ստորագրել է նոյեմբերի 11-ին:

Նշենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ յուրաքանչյուր զորակոչից առաջ և ընթացքում ստեղծվում են նմանատիպ հանձնաժողովներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *