2016 թ. Ռուսաստանը 14 մլրդ դոլարի զենք և սպառազինություն է վաճառել

Դեկտեմբերի 20-ին ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադմիր Կոժինը հայտնել է, որ 2016 թ. ընթացքում Ռուսաստանը արդեն վաճառել է շուրջ 14 մլրդ ԱՄՆ դոլարի զենք և սպառազինություն: Սակայն որոշ պայմանագրեր դեռ իրականացվում են, և այս գումարը որոշ չափով կավելանա: Կոժինի հայտարարությունը փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

Կոժինը հայտարարել է, որ զենքի արտահամնանը խանգարել են միջազգային տարբեր պատժամիջոցները և նշել է, որ 2017 թ. պետք չէ սպասել, որ այդ պատժամիջոցները կվերանան:

Ավելացնենք, որ միջազգային պատժամիջոցները վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին, այլև այն երկրներին, որոնք ռուսաստանյան զենք են գնում: Մասնաավորապես Իրանի դեպքում ՄԱԿ-ի բանաձևերն արգելում են հարձակողական զինտեխնիկա վաճառել այդ երկրին: Սակայն, չնայած սրան, պաշտպանողական զինտեխնիկա Ռուասաստանն այս տարի Իրանին տրամադրել է: Խոսքը Ս-300 ՀՕՊ կայանքների մասին է:

ՄԱԿ ԱԽ-ի 2231 բանաձևից բացի  Իրանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը սահմանափակվում է նաև ՌԴ նախագահի «2010թ. հունիսի 9-ի ՄԱԿ ԱԽ 1929 բանաձևի կատարման միջոցառումների մասին» հրամանով, որն արգելում է Իրանին մատակարարել տանկեր, զրահամեքենաներ, մարտական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ռազմանավեր, հրթիռներ կամ հրթիռային համակարգեր:

Նշենք, որ այս տարի մեծ թվով սպառաիզնություն Ռուսաստանը տրամադրել է նաև Հայաստանին:

Ադրբեջանին տրամադրված սպառազինությունը հիմնականում նախատեսված է եղել նախորդ տարիներին ստորագրված պայմանագրերով: Մասնավորապես խոսքը Տ-90Ս տանկերի վերջին խմբաքանակների առաքման մասին է: ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների դեպքում  ՀՄՄ-ներն արտադրող ռուսաստանյան «Տրակտորային գործարաններ» ընկերության տնօրենի տեղակալ Ալեկսեյ Լոսևը 2016 թ. սեպտեմբերին հայտարարել էր, որ ֆինանսական խնդիրների պատճառով Ադրբեջանը պայմանագորվ նախատեսված բոլոր ՀՄՄ-ները կստանա 2017-2018 թթ.:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *