Ինտելեկտուալ խաղ` նվիրված գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-րդ տարեդարձին

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 3-ին պաշտպանության նախարարության «Սարդարապատ» հուշահամալիրում տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի 150-ամյակին նվիրված ինտելեկտուալ խաղ, որին մասնակցել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտների և Երևանի ու Արցախի պետական համալսարանների ուսանողների թիմերը:

Ժամանակաշրջանի լավ իմացության շնորհիվ հաղթեցին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները, ովքեր, ինչպես նաև թիմերի ավագներ` կուրսանտներ Նորայր Գևորգյանը, Արմեն Ռուշանյանը, ուսանողներ Զինա Կասյանն ու Գոհար Բաղդասարյանը պարգևատրվեցին ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պատվոգրերով և ՀՀ պաշտպանության նախարարության հրատարակած «Սարդարապատի հերոսը. գեներալ Մովսես Սիլիկյան» ու «Գարեգին Նժդեհ» գրքույկներով և «Սարդարապատ» հուշահամալիրին նվիրված տպագիր ու էլեկտրոնային ուղեցույցներով:

Իրենց ելույթներում և՛ անդամները, և՛ ժյուրիի նախագահ, ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը գոհունակությամբ նշեցին Երևանի պետական համալսարանի ու Արցախի պետական համալսարանի ուսանողների քաջատեղյակությունն առավելապես ռազմական թեմատիկային վերաբերող հարցերին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին հուշահամալիրի տնօրեն Կարեն Արիստակեսյանին` խաղի կազմակերպմանը ցուցաբերած մեծ աջակցության համար:

Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի առաջարկով որոշվեց հայ ազգային ազատագրական պայքարի հերոսներին նվիրված հաջորդ ինտելեկտուալ խաղը կազմակերպել Արցախում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *