ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Հունաստան

Այսօր՝ դեկտեմբերի 19-ի առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնել է Հունաստան: Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկումը:

Մինչ մեկնումը նախարարը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ և հայտարարել է.

«Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր՝ Հունաստանը մեզ համար ամենակարևոր գործընկերներից է, որի հետ Հայաստանն ունի ռազմատեխնիկական գործակցության հարուստ փորձ: Համատեղ ստեղծվել է առաջին ռազմարդյունաբերական ձեռնարկությունը»:

Պաշտպանության նախարարի պաշտոնում սա Վիգեն Սարգսյանի երկրորդ այցելությունն է արտերկիր՝ նոյեմբերին Ռուսաստան այցից հետո:

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Վիգեն Սարգսյանը Երևանում ընդունել էր Հունաստանի դեսպանին և նրա հետ քննարկել երկու երկրների ռազմական համագործակցությունը:

Նոյեմբերին էլ Հայաստան են այցելել Հունաստանի ՊՆ պատվիրակները: Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2016թ. երկկողմ գործակցության ծրագրի արդյունքները, ինչպես նաև համաձայնեցվել և ստորագրվել է Հայաստանի ՊՆ և Հունաստանի ՊՆ միջև 2017թ. ռազմական համագործակցության ծրագիրը, որում ներառված են համատեղ վարժանքներ և կրթական ծրագրեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակման միջոցառումներ:

Ավելացնենք, որ պաշտպանական ոլորտում Հայաստանը Հունաստանի հետ համագործակցում է մասնավորապես խաղաղապահության և ռազմական կրթության ոլորտներում. հայաստանցի կուրսանտները ռազմական կրթություն են ստանում Հունաստանում:

Բացի այդ, 2016-ի փետրվարին պատրաստվել է Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարությունում: Համաձայնագրով նախատեսվում է երկու երկրների միջև զենքի, զինամթերքի և պայթուցիկների արտադրության նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության համար համատեղ կազմակերպությունների հիմնադրում և այլն:

Մինչ այդ՝ 2015-ի դեկտեմբերին, Հայաստան է այցելել Հունաստանի պաշտպանության նախարարը և հանդիպումներ ունեցել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ:

Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ

Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ

One response to “ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Հունաստան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 18 – 24 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *