ՀՀ ԶՈւ զորակոչի անցկացման կարգում նախատեսված փոփոխություններով՝ առաջիկա ձմեռային զորակոչի ժամանակ, ի տարբերություն նախորդ տարիների, զորակոչիկները զինվորական համազգեստ կստանան հենց հանրապետական կենտրոնական հավաքակայանում։ Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի դեկտեմբերի 18-ի թողարկումից։
Նշվում է, որ սրանով պայմանավորված կնվազեն մրսածության դեպքերը։
Մեկ այլ փոփոխությամբ՝ տարածքային զինկոմիսարիատներում առցանց տեսարձակվելու է նորակոչիկների՝ զորամասը վիճակահանությամբ ընտրելու ընթացքը, և ծնողները հնարավորություն կունենան հենց զինկոմիսարիատներում հետևելու այդ տեսարձակմանը:
«Զինուժի» նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ էլ ՀՀ Զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հայտնել էր, որ աշխատանքներ են տարվում հավաքակայանում ծնողների համար սպասասրահի կահավորման ուղղությամբ, իսկ սպասասրահի ներսում կդրվեն մոնիտորներ, որպեսզի ծնողները անմիջական մասնակցություն ունենան զինակոչիկների թե՛ վիճակահանության գործընթացի, թե՛ զինվորական համազգեստի հագցնելու ընդհանուր աշխատանքներին։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ կառավարությունն ընդունել էր «2016թ. ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» որոշում՝ 2016թ. նոյեմբեր – 2017թ. հունվար ամիսներին ՀՀ-ում ձմեռային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու համար:
Հիշեցնենք, որ զինված ուժերի զորակոչ և զորացրում անցկացնելու մասին հրամանագիրը ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ստորագրել է նոյեմբերի 11-ին:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 18 – 24 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info
Pingback: Ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 9-ին. Վիգեն Սարգսյանն այցելել է հավաքակայան | Ռազմ.info
Pingback: Զորակոչիկները կդասակարգվեն ըստ հումանիտար և տեխնիկական կրթական ուղղությունների | Ռազմ.info