Այսօր Երևանում սկսվեց «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» թեմայով սեմինարը, որին մասնակցում են ՀՀ արտգործնախարարության, պաշտպանության նախարարության, ՆԱՏՕ-ի քարտուղարության ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով բարձր գնահատեց Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները և նշեց, որ հայկական կողմը կարևորում է համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:
Այնուհետև ելույթ ունեցան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Դեսպանն իր գոհունակությունը հայտնեց Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններից և հատկապես կարևորեց հայկական կողմի մասնակցությունը խաղաղարար առաքելությանը, մասնավորապես` Աֆղանստանում հայ խաղաղապահների գործունեությունը: Ըստ նրա` ցանկացած երկիր ուզում է, որ իր սահմաններում հաստատվի կայունություն և խաղաղություն: Այս առումով կարևորվում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը, որի բանակցային գործընթացն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Դեսպան Հեֆերնը նշեց, որ ողջունելի է Հայաստանի բազմակողմանի հարաբերությունները տարբեր միջազգային կառույցների հետ: Նա պարզաբանեց նաև, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության աստիճանը:
Նշենք նաև, որ այս տարի լրանում է Հայաստանի` Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ համագործակցության հաստատման 20-ամյակը, իսկ միջոցառումն անցկացվում է Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է նոյեմբերի 1-ին: