Դեկտեմբերի 17-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը այցելել է Թուրքիայի հարավային` Սիրիային սահմանակից, Քիլիս և Գազիանթեփ նահանգներ և ստուգայցեր է կատարել այդ նահանգներում տեղակայված Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Հուլուքի Աքարին ուղեկցել է ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը: Ստորաբաժանումների հրամանատարությունները ԳՇ պետին և ԶՈՒ ՑԶ հրամանատարին տեղեկացրել են Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ իրականացվող գործողությունների և վերջին զարգացումների մասին:
Այդ նահանգներ այցելությունից հետո Աքարը եղել է նաև Թուրքիայի կենտրոնական Կայսերի նահանգում, որտեղ դեկտեմբերի 17-ի առավոտյան ԶՈւ հատուկ նշանակության բրիգադի զինծառայողներին տեղափոխող ավտոբուսի մոտակայքում պայթուցիկներով բեռնված մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով սպանվել է Թուրքիայի ԶՈւ 13 զինծառայող, ևս 48-ը վիրավորվել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ևս՝ նոյեմբերի 23-ին, Հուլուսի Աքարը այցելել է Քիլիս նահանգ և ստուգայցեր իրականացրել Սիրիայի սահմանին տեղակայված ԶՈւ ստորաբաժանումներ: Բացի այդ, նոյեմբերի 7-ին Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը Աքարի գլխավորությամբ այցելել է Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգ, ստուգայցեր կատարել Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ, իսկ նոյեմբերի 10-ին ստուգայցեր է կատարել Շրնաք նահանգի՝ Իրաքի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:
Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:
Pingback: Թուրքիայի ԶՈւ ԳՇ հրամանատարն այցելել է Սիրիային սահմանակից շրջաններ | Ռազմ.info