Մինչև տարվա վերջ Ռուսաստանը Չինաստանին կփոխանցի Սու-35 կործանիչների առաջին խմբաքանակը

Ռուսաստանը Չինաստանին կփոխանցի առաջին 4 միավոր Սու-35 կործանիչը մինչև 2016-ի դեկտեմբերի 25-ը: Կործանիչների մատակարարումը պետք է սկսվեր 2017-ին, սակայն որոշվել է արագացնել գործընթացը և առաջին խումբն ուղարկել այս տարի:

Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը՝ փոխանցելով այլ երկրների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության համակարգում սեփական աղբյուրից ստացած տեղեկությունը:

Դեռևս նոյեմբերին ՌԴ ռազմատեխնիկական համագորակցության դաշնային ծառայության ղեկավար Վլադիմիր Դրոժովը գործակալությանը հայտնել էր, որ Ռուսաստանը անցել է Չինաստանի հետ կործանիչների ձեռքբերման պայմանագրի առաջին փուլի պարտականությունների իրագործմանը:

Ռուսաստանը և Չինաստանը 24 միավոր Սու-35 կործանիչի պայմանագիր են ստորագրել 2015-ին: Համաձայնագրի արժեքը գնահատվում է 2,5 մլրդ դոլարից ոչ քիչ: Պայմանագիրը ներառում է նաև ցամաքային սարքավորումներ և պահեստային շարժիչներ:

Չինաստանը Սու-35 կործանիչների ձեռքբերմանը հետաքրքրություն է ցուցաբերել դեռևս 2013-ին: Սակայն պայմանագրի կնքումը երկարաձգվում էր, ինչի պատճառներից մեկն էլ ՌԴ-ի մտավախությունն էր, որ Չինաստանը կարող է պատճենել գնված կործանիչների սարքավորումներն ու համանման ինքնաթիռների արտադրություն հիմնել։

Այդ ընթացքում ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը վկայել էր՝ Սու-35 կործանիչների պայմանագիրը Չինաստանի համար կլինի ոչ թե արտոնագրային, այլ զուտ վաճառքի։ Դա նշանակում է՝ Չինաստանը ստանալու է պատրաստի կործանիչներ՝ առանց դրանք իր տարածքում արտադրելու իրավունքի

Սու-35-ը ռուսական արտադրության ռեակտիվ, գերմանևրային բազմաթիրախային, 4++ սերնդի կործանիչ է, որն արտադրվում է «Սուխոյ» ընկերության գործարաններում։ Այն Սու-27-ի արդիականացված տեսակն է։ Թևերի բացվածքը 14,75 մ է, բարձրության վրա առավելագույն արագությունը՝ 2500 կմ/ժ, թռիչքի հեռահարությունը՝ 4500 կմ։ Զինված է 30 մմ տրամաչափի ԳՇ-30-1 ավիացիոն թնդանոթով ու հրթիռներով, մարտական բեռնվածությունը՝ 8000 կգ։

2 responses to “Մինչև տարվա վերջ Ռուսաստանը Չինաստանին կփոխանցի Սու-35 կործանիչների առաջին խմբաքանակը

  1. Pingback: Ռուսաստանը Չինաստանին Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռներ կմատակարարի | Ռազմ.info

  2. Pingback: Ընթացիկ տարում Չինաստանը Ռուսաստանից կստանա պատվիրած Սու-35 կործանիչների երկրորդ խմբաքանակը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *