Հոկտեմբերի 29 – նոյեմբերի 3 ժամանակահատվածում Հայաստանում ռազմական ոլորտի իրադարձություններից Razm.info-ն առանձնացրել է հետևյալները.
- Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի վթարը Քարվաճառում. 4 զոհ, 15 վիրավոր։
- Սեյրան Օհանյանի հանդիպումը ԱՄՆ ՌԾՈՒ քարտուղար Ռեյ Մաբուսի հետ։
- Սպայի կողմից ծեծված զինծառայող Վանյա Կարապետյանի վիճակի մասին։
- Սեյրան Օհանյանի այցը հանրապետության հյուսիսարևելյան սահման։
- ՀԱՊԿ ռազմատնտեսական հարցերով համագործակցության հանձնաժողովի նիստը Աստանայում։
- Վթարի հետևանքով վիրավոր զինծառայողների տեղափոխումը Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
1. Նոյեմբերի 1-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Քարվաճառում «Ուրալ-375/236» մակնիշի ավտոմեքենան, պայմանագրային 19 զինծառայող տեղափոխելիս, Քարվաճառի «Հարուրի ձոր» կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների, հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, 15 հոգի վիրավորվել է:
Հաջորդ օրը վթարի հետևանքով տուժած զինծառայողները տեղափոխվել են Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ավելի ուշ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Արման Հակոբյանը լրագրողներին ասել է, որ վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
2. Հոկտեմբերի 29-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսին: Պաշտպանության նախարարը նշել է, որ ռազմական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը, որն ընդգրկում է խաղաղապահ կարողությունների զարգացումը, ռազմաբժշկական համագործակցության խորացումը, ռազմակրթական բարեփոխումները, կշարունակվի նաև 2013-ին:
3. Հոկտեմբերի 30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ ս.թ. սեպտեմբերին, սպան ծեծել է զինծառայող Վանյա Կարապետյանին: Ալաշանի հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Արման Հակոբյանը տեղեկացրել է, որ Կարապետյանը վիրահատվել է, նրա առողջական վիճակը բավարար է: Գործով մեղադրյալ ԼՂՀ ՊԲ Մատաղիսի N զորամասի գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Կամո Սարգսյանը, ըստ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի, ձերբակալվել է: Հարուցվել է քրգործ ՀՀ քր.օր.-ի 375 հոդվածի առաջին մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելը):
4. Հոկտեմբերի 31-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագծում տեղակայված մարտական հենակետեր, տեղում ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին: Նախարարը նաև ծանոթացել է նոր կառուցվող պաշտպանական շինություններին և զորամասերից մեկի կառուցապատման աշխատանքներին:
5. Նոյեմբերի 1-ին Աստանայում կայացել է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմարդյունաբերության արտադրանքի ստանդարտացման հարցերը, զինված ուժերին մատակարարվող ապրանքների դասակարգման միջպետական համակարգի ստեղծմանն ու ռազմամատակարարման մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցեր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ կազմակերպությունը մտադիր է հեշտացնել զենքի գնման գործում որոշումների կայացման գործընթացը և թափանցիկ դարձնել գնագոյացման համակարգը: