Իրանը մահապարտ ԱԹՍ է կիրառել զորավարժության ժամանակ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Իրանի հարավ-արևելքում անցկացվող «Մոհամմադ ռասուլ Ալլահ-4»  զորավարժության վերջին օրը բանակի ցամաքային ուժերը վարժանքներ են անցկացրել մահապարտ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Ստորև լուսանկարում ցուցադրված է մահապարտ անօդաչուի պայթյունը, սակայն հենց ԱԹՍ-ն իրանական կողմը չի ներկայացրել:

Մահապարտ ԱԹՍ-ն խոցել է թիրախը

Մահապարտ ԱԹՍ-ն խոցել է թիրախը

Զորավարժությանը  ներգրավվել են  նաև  «Մոհաջեր-2 նովին» ԱԹՍ-ն, Տ-72 տանկեր, ԲՄՊ-2 ՀՄՄ-ներ, 6 միավոր Bell AH-1 Cobra ուղղաթիռներ, «Միրաժ» և «Ֆանտոմ» կործանիչներ:

«Մոհաջեր-2 նովին» ԱԹՍ-ն  «Մոհաջեր-2»-ի արդիականացված տարբերակն է: Առաջին անգամ ներկայացվել է 2014թ.: Անօդաչուն մարտական է , կարող է կրել հրթիռներ, թռիչքի տևողությունը 6 ժամ է, առավելագույն արագությունը՝ 180 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 3400 մ, զանգվածը՝ 90կգ:

Վարժանքների ժամանակ կիրառվել է նաև նոր սպառազինություն, մասնավորապես 2 լրիվ նոր անօդաչու թռչող սարք և դիպուկահար հրացան:

Անօդաչու թռչող սարքերից մեկը՝ «Շահինը»  նախատեսված է ռազմական նպատակների համար, այն կարող է իր վրա կրել «երկիր-օդ» դասի հրթիռներ: Մյուս անօդաչուն «Օղաբն» է, որը կարող է օգտագործվել հետախուզական նպատակներով: Անօդաչուի թռիչքի տևողությունը 24 ժամ է:

Իսկ դիպուկահար հրացանը ռուսական/խորհրդային ՍՎԴ դիպուկահար հրացանի իրանական տարբերակն է:

«Մոհաջեր-2 նովին» ԱԹՍ-ն

«Մոհաջեր-2 նովին» ԱԹՍ-ն

Bell AH-1 Cobra ուղղաթիռները զորավարժության ժամանակ

Bell AH-1 Cobra ուղղաթիռները զորավարժության ժամանակ

 

ՍՎԴ դիպուկահար հրացանի իրանական տարբերակը

ՍՎԴ դիպուկահար հրացանի իրանական տարբերակը

«Մոհամմադ ռասուլ Ալլահ» զորավարժությունը մեկնարկել է դեկտեմբերի 11-ին: Դրա նախորդ՝ «Մոհամմադ ռասուլ Ալլահ-3» զորավարժությունը անցկացվել է 2015թ. նոյեմբերին երկրի հյուսիս-արևելքում:

Զորավարժության նպատակը զինծառայողների մարտական պատրաստվածությունը ստուգելը, մարտական հմտությունները ամրապնդելն է: