Թուրքական օդուժը կրկին ռմբակոծել է Իրաքում PKK-ի դիրքերը

Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Իրաքի հյուսիսային Զապ շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերը: Թուրքական կողմի տվյալներով՝ «վերացվել է 12 թիրախ»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նշենք, որ նույն օրը Թուրքիայի ՌՕՈւ Դիարբեքիրի 8-րդ ավիաբազա վերադառնալիս վթարվել էր թուրքական օդուժի F-16 կործանիչ: Հաշվի առնելով այն, որ հենց այդ ավիաբազայից ու նույն տեսակի կործանիչներով է թուրքական կողմը ռմբակոծում քրդերի դիրքերը՝ կարող ենք եզրակացնել, որ ամենայն հավանականությամբ ինքնաթիռը վթարվել էր քրդերի դիրքերին ավիահարվածներից հետո ավիաբազա վերադառնալիս:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել էին հարավարևելյան Դիրաբեքիր նահանգում PKK-ի դիրքերը:

Բացի Թուրքիայի և Իրաքի տարածքներից, թուրքական զինուժը քրդերի դեմ ռազմական գործողություններ վարում է նաև Սիրիայի հյուսիսային շրջաններում:

Նմանատիպ բախումները թուրքական ուժայինների և քրդերի միջև պարբերաբար կրկնվում են՝ սկսած 2015 թ. ամռանից, երբ թուրքական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց երկրի ներսում քրդերի դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *