Դեկտեմբերի 12-ին ՌԴ ռազմածովային ուժերի սևծովյան նավատորմը համալրվել է ևս 3 միավոր Սու-30ՍՄ բազմանպատակ կործանիչներով: Դրանց թիվը ներկայում Սև ծովի ռուսաստանյան նավատորմում հասել է առնվազն 12-ի: Կործանիչների տեղակայման մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Սու-30ՍՄ կործանիչնորը Սևծովյան նավատորմը համալրում են 2015 թվականից: 2016 թ. հոկտեմբերին նավատորմին հանձնվել էր 9-րդ կործանիչը: Նոր կործանիչները տեղակայվել են Ղրիմի Սակի օդանավակայանում:
Հիշեցնենք, որ 2015 թ. տվյալներով, ՌԴ ռազմածովային ուժերը Սևաստոպոլում (Սևծովյան նավատորմի շտաբը տեղակայված է այստեղ) տեղակայված ավիաբազայում ունեին նաև ուղղաթիռային մեկ գունդ՝ Կա-27, Մի-14 և Մի-8 ուղղաթիռներով, և առանձին ավիագունդ՝ համալրված Սու-24 ռմբակոծիչներով, Ան-2, Ան-12, Ան-26 բեռնատար ու Բե-12 հականավային ամֆիբիա ինքնաթիռներով։
Սու-30ՍՄ-ը Սու-30ՍԿԻ-ի արդիականացված տարբերակն է, որը կարող է ճանաչել «յուրայիններին ու օտարներին»: Սու-27 ուսումնամարտական ինքնաթիռի հիման վրա նախագծված Սու-30-ը շահագործվում է 1992 թվականից։ 2 հոգանոց անձնակազմ ունեցող կործանիչի առավելագույն արագությունը 2100 կմ/ժ է, կարող է թռիչք իրականացնել մինչև 3000 կմ հեռավորության վրա, թռիչքի առաստաղը՝ 17300 մետր է։
Սպառազինությունում Սու-30-նն ունի 20մմ-անոց մեկ ավիացիոն հրանոթ և 12 կախոց՝ նախատեսված տարբեր նշանակության հրթիռների, ինչպես նաև ռումբերի համար: Կարող է կրել մինչև 8 տոննա սպառազինություն:
Pingback: Ռուսաստանը Ղրիմում Սու-30ՍՄ կործանիչների լիարժեք էսկադրիլիա է կազմավորել | Ռազմ.info