Զինծառայողների ապահովագրման հիմնադրամի 1000 դրամ վճարները կլինեն պարտադիր՝ բացառություններով

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Վիգեն Սարգսյանն Ազգային ժողովում հայտնել է, որ զինծառայողների ապահովագրության համար ստեղծվող հիմնադրամին հազար դրամ վճարելու պարտադիր պահանջը մնում է անփոփոխ, բացառությամբ մի քանի դեպքերի. եթե ընտանիքում կա ժամկետային զինծառայող, հաշմանդամ կամ զոհված զինծառայող:Այս մասին պաշտպանության նախարարը հայտարարել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ, հայտնում է Panorama լրատվակայքը։

Նախարարը հայտնել է, որ նախագծի նպատակն է ներդնել ապահովագրական համակարգ, որը պետք է գործի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների համար, սակայն իրենց ակնկալիքով հիմնադրամը կարող է ապահովել ավելի մեծ գումարների ստացում։ Դրա հաշվին հնարավոր կլինի գումարներ փոխանցել մինչ այս զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին:

Պրոգրեսիվ կարգի (շատ եկամուտ ստացողը շատ գումար փոխանցի) մասին նախարարը հայտնեց, որ սա պարտադիր վճար է ու չպետք է կապ ունենա անձի եկամտի չափի հետ:

Նշվում է, որ նախագծի վերաբերյալ պատգամավորների կողմից ստացված բոլոր գրավոր առաջարկությունները քննարկվել են։ Դրանց մի մասն ընդունվել է, մյուս մասն էլ համապատասխան պատճառաբանություններով չեն ընդունվել: Աջարկությունների զգալի մասը վերաբերել են օրենքի հետադարձ ուժին, պրոգրեսիվ վճարման սկզբունքի կիրառմանը, ինչպես նաև վճարման ենթակա գումարներն այլ աղբյուրներից հավաքագրելուն։

Հանձնաժողովի անդամներից չորսը դրական եզրակացություն են տվել նախագծին, մեկը՝ դեմ:

Նախագծի վերամշակված տարբերակը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանում կքննարկվի դեկտեմբերի 13-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։ (Օրենքի լրամշակված տարբերակը՝ այստեղ):

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որով կարգավորվելու են մարտական պայմաններում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության հարցերը:

Նախագծով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *