Ինչպես հայտնում է «Հուրիյեթը», հոկտեմբերի 12-ին Ղազախստանը և Թուրքիան Ղազախստանում թուրքական «Կոբրա» տեսակի զրահապատ մեքենաների արտադրության պայմանագիր են կնքել: Թուրքական «Օթոկար» ընկերության և ղազախական ռազմարդյունաբերական համալիրի միջև կնքված պայմանագիրն արտահայտում է Ղազախստանի մոտեցումը սպառազինության գնման խնդրին. այն է` համաձայնում է գնել տվյալ երկրի արտադրանքը, եթե այդ երկիրը Ղազախստանում համատեղ արտադրություն է հիմնում:
Պարտադիր պայմաններից մեկն էլ այն է, որ Ղազախստանի ինժեներները ժամանակի ընթացքում կարողանան ինքնուրույն արտադրել տվյալ ապրանքը:
Այս տարվա մայիսին Օթոկարը և Ղազախստանը զրահապատ մեքենաների գնման պայմանագիր էին կնքել, համաձայն որի, «Օթոկարը» համատեղ ձեռնարկություն է հաստատելու «NK Kazakhstan Engineering»-ի հետ 4×4 «Կոբրա» զրահապատ մեքենաներ արտադրելու համար: Մեքենաների քանակն ու պայմանագրի արժեքը դեռ չեն հրապարակվել:
«NK Kazakhstan Engineering»-ը կառուցելու է գործարանը, իսկ Օթոկարը տրամադրելու է մեքենայի պահեստամասերն ու արտադրական տեխնոլոգիաները: Սա լինելու է Թուրքիայից դուրս զրահապատ մեքենաների արտադրման առաջին փորձը: «Օթոկարը» հայտարարել է, որ 25.000 ավտոմեքենա է վաճառել 30 երկրների, այդ թվում` Վրաստանին և Ադրբեջանին: