Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Քենգերլի գյուղի հյուսիս-արևելքում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտգործնախարարության կայքը:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմն այս անգամ ևս ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)։
Դիտարկման առաքելությանը ուղեկցել են Արցախի արտաքին գերատեսչության և Պաշտպանության բանակի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ նախորդ դիտարկումն անցկացվել էր նոյեմբերի 28-ին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info
Pingback: ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ | Ռազմ.info