Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հրամանով բրիգադային գեներալ Ղոլամհոսեին Ղեիբփարվարը նշանակվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կազմավորման հրամանատարի պաշտոնում: Այս մասին դեկտեմբերի 7-ին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Ղոլամհոսեին Ղեիբփարվարը այս պաշտոնում փոխարինել է բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդիին:
Ղեիբփարվարը իրանա-իրաքյան պատերազմի մասնակից է: Մինչ այս պաշտոնը ստանձնելը 11 տարի զբաղեցրել է Իրանի հարավային Ֆարս նահանգի ԻՀՊԿ զորքերի հրամանատարի պաշտոնը, իսկ 2015 թվականից «Իմամ Հոսեին» ռազմաբազայի հրամանատարն էր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հոգևոր առաջնորդի հրամանով նոր նշանակումներ էին կատարվել գլխավոր շտաբում և բանակում:
Հունիսին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ էր նշանակվել գեներալ Մոհամեդ Հոսեյն Բաղերիին, իսկ շտաբի պետի տեղակալ` բրիգադային գեներալ Ամիր Սեյիդ Աբդոլռահիմ Մուսավին:
Նոյեմբերին էլ բանակի ցամաքային զորքերի հրամանտար, բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Փուրդասթանը նշանակվել էր բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնում, իսկ նրա թափուր պաշտոնը զբաղեցրել էր բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարին, ով մինչ այդ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալն էր:
«Բասիջը» (պրսկ. بسيج) իրանցի երիտասարդ կամավորներից կազմված կիսառազմական կազմավորում է: Հիմնվել է 1979թ. այաթոլլահ Խոմեյնիի հրամանով: 2007 թվականից ԻՀՊԿ ենթակայության ներքո է:
Բասիջի գործառույթներից են՝ ներքին անվտանգություն ապահովելը, հասարակական կարգ ու կանոն պահելը, սոցիալական օգնություն տրամադրելը, հանրային կրոնական արարողություններ կազմակերպելը և այլն:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info
Pingback: Իրանում նշանակվել է բանակի ցամաքային զորքերի հրամանատարի նոր տեղակալ | Ռազմ.info