Ծեծի ենթարկված զինծառայողը վիրահատությունից հետո ապաքինվում է

Հոկտեմբերի 30-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ այս տարի սեպտեմբերին, ՀՀ ԶՈՒ-ում գրանցվել է սպայի կողմից զինծառայող Վանյա Կարապետյանին ծեծի ենթարկելու դեպք:

Այդ մասին հայտնում է Panorama.am-ը:

Ինչպես տեղեկացրել են զինծառայողի ծնողները, դեպքը տեղի է ունեցել դիրքերում: Զորամաս տեղափոխվելուց հետո Վանյա Կարապետյանը ուժեղ գլխացավերի պատճառով դիմել է բուժակին: Վերջինս նրան գլխացավի դեղ է տվել, սակայն շարունակական գլխացավերի պատճառով զինծառայողը տեղափոխվել է Ալաշանի հոսպիտալ, մյուս օրը` Ստեփանակերտի, իսկ 2 օր անց նրան ուղղաթիռով տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ սեպտեմբերի 23-ին, Վանյային վիրահատել են:
Ալաշանի հոսպիտալի Նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Արման Հակոբյանը տեղեկացրել է, որ Վանյա Կարապետյանի առողջական վիճակը բավարար է, վիրահատությունից հետո Վանյայի մոտ որևիցե մնայուն շեղում չի լինի և հավելել, որ նա շուտով դուրս կգրվի:

Հոսպիտալի բժիշկների փոխանցմամբ Վանյա Կարապետյանին ծեծելու մեջ մեդադրվող ԼՂՀ ՊԲ Մատաղիսի N զորամասի թիկունքի գծով գումարտակի հրամանատարի տեղակալ Կամո Սարգսյանը մի քանի անգամ փորձել է տեսակցել ծնողներին և Վանյային, ու պարբերաբար զանգահարում է զինծառայողի առողջական վիճակի մանրամասներն իմանալու համար:

ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը դեպքի առիթով ասել է, որ Կամո Սարգսյանը ձերբակալվել է:
Ավելի վաղ ՊՆ քննչական ծառայությունից տեղեկացրել էին, որ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 375 հոդվածի առաջին մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելը): Կատարվում է նախաքննություն:
Աղբյուր՝ http://www.panorama.am/am/law/2012/11/01/matakhis-case/

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *