Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 27 նոյեմբեր – 3 դեկտեմբերի, 2016

ՌԴ ՊՆ ղեկավարն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին • Վրաստանի ՊՆ, ԶՈւ համակարգում զանգվածային կրճատումներ են սպասվում • Կասպից ծովում Իրանի ԶՈւ Մի-17 ուղղաթիռ է վթարվել • Սիրիայի բանակը մոտենում է թուրքական զինուժի դիրքերին • Իրանում գերթեթև ուղղաթիռ է վթարվել. օդաչուն զոհվել է •  Իրանը Ռուսաստանից Սու-30 կործանիչներ չի գնի • Հորմուզի նեղուցում Իրանը ամերիկյան ուղղաթիռ է նշանառության տակ առել • Իրանը սուզանավ և ականակիր նավ կներկայացնի • Իրանական ԱԹՍ-ների վրա կարող են ՌԷՊ միջոցներ տեղադրվել • Ռուսաստանը Իրանին հարձակողական սպառազինություն չի մատակարարի • Հնարավոր է Սիրիայի և Եմենի ափերին Իրանին ծովային բազա անհրաժեշտ լինի. Իրանի ԶՈւ ԳՇ պետ • Սիրիայի ափերից իր ավիակրի հեռանալու դեպքում Ռուսաստանը կարող է օգտագործել Իրանի ավիաբազան • Ռազմինֆոն ներկայացնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2016 թ. դեկտեմբերի դրությամբ • Թուրքիան և ՆԱՏՕ անդամ մի քանի երկրներ զորավարժություն են անցկացնում • Գերմանական ընկերությունը հնարավոր է դադարեցնի զենքի մատակարարումը Թուրքիային • Թուրքիայում քրդերի հետ բախումներում սպանվել է 3 թուրք զինծառայող • Ռազմինֆոն Սիրիայում Թուրքիայի քաղաքականության մասին զրուցել է թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ • Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող, անհայտ կորել՝ 2-ը • Թուրքիայի զինուժը Սիրիայում է Ասադի իշխանությանը վերջն դնելու համար. Էրդողան • Հալեպում իրավիճակի մասին Ռազմինֆոն զրուցել է արաբագետ-իսլամագետ Հայկ Քոչարյանի հետ • Սիրիայի բանակն ազատագրել է Հալեպի հյուսիս-արևելքը և  Դամասկոսի մոտ մի քանի բնակավայր • 2017թ. Ռուսաստանը Տաջիկստանին մեծ քանակությամբ ավիացիոն տեխնիկա կմատակարարի • Ռուսաստանը և Ուզբեկստանը ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համաձայնագիր են կնքել • Ռուսաստանի զինուժը ստացել է ՄիԳ-29ՍՄՏ կործանիչների նոր խմբաքանակ • Ուկրաինան հրթիռների կիրառմամբ ՀՕՊ զորավարժություն է անցկացրել Ղրիմի մոտ • Իսրայելական Orbiter-4 անօդաչուի համար թիրախավորվել է եվրոպական շուկան • ԱՄՆ-ն Միջերկրական ծովում տեղակայել է 2 միավոր դեսանտային նավ

Ամերիկյան Wasp դեսանտային նավը Միջերկրական ծովում է • Ամերիկյան MH-60S ուղղաթիռը • Ադրբեջանի և Ռուսաստանի ՊՆ ղեկավարությունը՝ Մոսկվայում հանդիպման ժամանակ. 30.11.2016

Ամերիկյան Wasp դեսանտային նավը Միջերկրական ծովում է • Ամերիկյան MH-60S ուղղաթիռը • Ադրբեջանի և Ռուսաստանի ՊՆ ղեկավարությունը՝ Մոսկվայում հանդիպման ժամանակ. 30.11.2016

Ադրբեջան/Վրաստան

• Նոյեմբերի 30-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների նիստի շրջանակներում Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն և գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

• Նոյեմբերի 26-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան երկրի խորհրդարանում հայտարարել է, որ Վրաստանի պաշտպանության նախարարությունում և զինված ուժերում կառուցվածքային փոփոխություններ են լինելու: Սպասվում են զանգվածային կրճատումներ:

Իրան

• Նոյեմբերի 27-ին Կասպից ծովում  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) պատկանող Մի-17  ռազմական բեռնատար ուղղաթիռ է վթարի ենթարկվել:  Ուղղաթիռում գտնվող 5 մարդն էլ զոհվել է:

Դեկտեմբերի 1-ին Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Սերավան քաղաքում վթարի է ենթարկվել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերին պատկանող գերթեթև ուղղաթիռ: Օդաչուն զոհվել է:

• Իրանի պաշտպանության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները այն մասին, որ Իրանը պատրաստվում է Ռուսաստանից Սու-30 կործանիչներ գնել:

• Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմանավերից մեկը Հորմուզի նեղուցում նշանառության տակ է առել ամերիկյան MH-60 ուղղաթիռը:

• Իրանը մոտ ապագայում կներկայացնի տեղական արտադրության «Ֆաթեհ» սուզանավը և «Սահանդ» ականակիրը: Այս մասին հայտնել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլահ Սայարին:

Իրանական արտադրության «Ֆաթեհ» դասի սուզանավ

Իրանական արտադրության «Ֆաթեհ» դասի սուզանավ

• Իրանը կարող է տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերի` մասնավորապես «Մոհաջեր-4-ի», «Համասեի», «Յասիրի», «Ֆոթրոսի» վրա ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներ տեղադրել:

• Ռուսաստանը Իրանի հետ հարձակողական սպառազինություն մատակարարելու վերաբերյալ  չի բանակցում: Այս մասին դեկտեմբերի 1-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության գծով օգնական Վլադիմիր Կոժինը:

• Նոյեմբերի 26-ին Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ հնարավոր է` ժամանակի ընթացքում Սիրիայի և Եմենի ափերին Իրանին ռազմածովային բազա անհրաժեշտ լինի:

• ՌԴ Դաշնային խորհրդի  անվտանգության և պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Իրանի Համադան քաղաքի «Նոժե» ավիաբազան օգտագործելու անհրաժեշտություն կլինի այն դեպքում, եթե «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը հեռու լինի Սիրիայի ափերից, և հնարավոր չլինի ահաբեկիչներին հարվածներ հասցնել:

Թուրքիա

• Ռազմինֆոն ներկայացնում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարության անձնակազմը 2016 թ. դեկտեմբերի դրությամբ (աղյուսակ):

• Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 4-ը Իզմիրի ծովածոցում (Էգեյան ծով) Թուրքիայի և ՆԱՏՕ անդամ այլ երկրների ռազմածովային ուժերի ու օդուժի, առափնյա անվտանգության նավերի ու ուղղաթիռների մասնակցությամբ անցկացվում է «Նուսրեթ – 2016» (Nusret-2016) զորավարժությունը:

• Հրազեն արտադրող գերմանական Heckler & Koch ընկերությունը հնարավոր է դադարեցնի զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, ինչպես նաև մի քանի այլ երկրների՝ Սաուդյան Արաբիային, Հնդկաստանին և այլն:

Թուրքիայի ԶՈւ տանկերը Սիրիայի հյուիսային Ջերաբլուս շրջանում:

Թուրքիայի ԶՈւ տանկերը Սիրիայի հյուիսային Ջերաբլուս շրջանում:

• Դեկտեմբերի 2-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները փորձել են ներթափանցել Թուրքիայի հարավային Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում տեղակայված 2-րդ սահմանապահ բրիգադի ռազմաբազաններից մեկը: Բապումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, ևս 6-ը՝ վիրավորվել:

• Նոյեմբերի 29-ին Սիրիայի կառավարական ուժերը քրդական զորաջոկատների օժանդակությամբ սկսել են առաջխաղացումը դեպի Հալեպից հյուսիս-արևելք ընկած Ալ Բաբ քաղաք՝ գրավելով քաղաքի մոտակայքում գտնվող Ազրաք գյուղը:

Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ «Սիրիայում թուրքական զինուժը պայքարում է ահաբեկչական կառույցների դեմ», սակայն ասել է, որ խնդրի հանգուցալուծման համար «քաղաքական լուծում է պետք»: Այս մասին Ռազմինֆոն զրուցել է թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:

Սիրիայում ընթացող «Եփրատի վահան» գործողության շրջանակներում նոյեմբերի 30-ին՝ Հալեպից հյուսիս Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում Թուրքիայի ԶՈւ զինածառայողների և ԻՊ զինյալների բախումների արդյունքում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող:

Նոյեմբերի 29-ին Սիրիայում ընթացող Թուրքիայի զինուժի՝ «Եփրատի վահան գործողությունների ժամանակ անհետացել է երկրի ԶՈւ 2 զինծառայող: Նրանց գտնելու համար որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում:

Նոյեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը և հիմնականում Սիրիայի թուրքմեններից կազմված «Սիրիայի ազատ բանակը» խմբավորումը Սիրիայում գործողություններ են սկսել երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությանը վերջն դնելու համար:

Թուրքիայի զինուժը Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ է իրականացնում ԻՊ, ինչպես նաև Սիրիայի քրդական ուժերի դեմ և շարժվում է դեպի Հալեպից հյուսիս ընկած Ալ-Բաբ բնակավայր: Միաժամանակ Սիրիայի կառավարական բանակը հաջողություններ է գրանցում Հալեպի արևելյան հատվածներում: Թեմայի մասին Ռազմինֆոն զրուցել է արաբագետ-իսլամագետ Հայկ Քոչարյանի հետ:

Մերձավոր Արևելք/Ռուսաստան/այլ

• Նոյեմբերի 27-29-ի մարտերի արդյունքում Սիրիայի կառավարական բանակը և դաշնակից ուժերը Հալեպի արևելյան շրջանների զգալի մասն ազատագրել են տարբեր ահաբեկչական զինյալ խմբավորումների, այդ թվում՝ «Ալ-Նուսրայի ճակատի» վերահսկողությունից:

• Սիրիայի կառավարական բանակն ազատագրել է երկրի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկը՝ Հանշ աշ-Շիհ քաղաքը, որը 2012 թ. գտնվում էր շարք ահաբեկչական խմբավորումների վերահսկողությոան տակ:

• Ռազմական համագործակցության շրջանակներում 2017-ին Ռուսաստանը Տաջիկստանին մեծ քանակությամբ ավիացիոն տեխնիկա կմատակարարի: Այս մասին նոյեմբերի 30-ին՝ Տաջիկստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Շերալի Միրզոյի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ՌِԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

• Նոյեմբերի 29-ին Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները Մոսկվայում ստորագրել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, որը վերաբերում է երկրների զինված ուժերի մարտունակության ամրացմանը, կադրերի պատրաստմանը և այլ ոլորտների:

• Աստրախանում Ռուսաստանի ՌՕՈւ ավիացիոն կենտրոնը ստացել է ՄիԳ-29ՍՄՏ բազմանպատակային կործանիչների նոր խմբաքանակ։ Դեկտեմբերի 1-ից կործանիչները կներգրավվեն մեկնարկող ուսումնական շրջանի պլանային թռիչքներում։

ՄիԳ-29ՍՄՏ կործանիչ

ՄիԳ-29ՍՄՏ կործանիչ

• Դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնի շրջանում անցկացրել են ՀՕՊ զորավարժություններ՝ միջին հեռավորության հրթիռների կիրառմամբ։ Ուկրաինական կողմը հայտարարություն էր տարածել և զգուշացրել էր, որ Սև ծովի որոշ հատվածներ կընդգրկվեն կրակի գոտու տարածքում, ինչի առիթով էլ ռուսաստանյան կողմը դժգոհություն է հայտնել։

• Իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը Orbiter-4 անօդաչու թռչող սարքի համար թիրախավորել է եվրոպական շուկան, քանի որ վերջինս այդ դասի անօդաչուի պակաս ունի:

• Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի Wasp և Whidbey Island դեսանտային նավերը մուտք են գործել Միջերկրական ծով։ Նավերի վրա կա շուրջ 4 հազար զինծառայող, AV-8B Harrier գրոհիչ ինքնաթիռներ, MV-22 Osprey կոնվերտոպլաններ և ուղղաթիռներ:

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *