Դեկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը հայտնել է, որ 2016 թ. ընթացքում 3-րդ ԲԿ պահպանության տեղամասերում հակառակորդը ոչ մի անգամ ականանետ չի օգտագործել: Կրակոցների ընդհանուր թիվը ևս նվազել է:
Այս մասին հաղորդում է Razm.info-ի թղթակից Գարիկ Հարությունյանը, ով ևս մասնակցում է դեկտեմբերի 2-4-ը լրագրողների համար Տավուշի շրջանում ՊՆ-ի կազմակերպած դասընթաց-պարապմունքներին:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան հետ համատեղ ասուլիսին պաշտպանության նախարարության 3-րդ ԲԿ հրամանատարի տեղակալը մասնավորապես հայտարարել է.
«Եթե 2015թ. հակառակորդն օգտագործում էր ականանետներ, ապա 2016 թ. մինչ օրս մեր պահպանության գոտում հակառակորդն այլևս ականանետներ չի օգտագործել: Սա խոսում է այն մասին, որ լարվածությունը նվազելու միտում ունի»:
Գնդապետ Պետրոսյանը նաև նշել է, որ 2015 թ. համեմատ 2016 թվականին 3-րդ բանակային կորպուսի պահպանության գոտում գնդակոծումների, ինչպես նաև արկակոծումների դեպքերը նվազել են: Ըստ Պետրոսյանի՝ հայկական կողմը հակառակորդի կրակոցներին պատասխանում է միայն բացառիկ դեպքերում` եթե կրակում են խաղաղ բնակչության, բնակավայրերի վրա:
Փաստ է, որ համեմատած 2014-2015 թթ` 2016 թվականին մինչ օրս հակառակորդի կողմից կրակոցների բավականին լուրջ նվազում կա: Ապրիլյան պատերազմի օրերին, ի տարբերություն մնացած ժամանակահատվածի, ընդհանրապես շատ նվազ, շատ քիչ կրակոցներ են արձանագրվել:
Գնդապետ Պետրոսյանը հայտնում է, որ հակառակորդը ծանր զենքի կիրառմամբ թիրախավորում է հայկական բնակավայրերը: Թշնամու հիմնական նպատակը գարնանային և աշնանային ժամանակահատվածում սահմանամերձ բնակավայրերում գյուղացիների գյուղատնտեսական աշխատանքներին խոչընդոտելը, ահաբեկելն է:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին հավելել է, որ Տավուշի մարզում շուրջ 20 գյուղ գտնվում է հակառակորդի կրակային գոտում:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 27 նոյեմբեր – 3 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info