Սիրիայում ընթացող գործողություններում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող

Սիրիայում ընթացող «Եփրատի վահան» գործողության շրջանակներում նոյեմբերի 30-ին՝ Հալեպից հյուսիս Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում Թուրքիայի ԶՈւ զինածառայողների և ԻՊ զինյալների բախումների արդյունքում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող, ովքեր ուղղաթիռներով տեղափոխվել են Թուրքիայի հարավային Քիլիս և Գազիանթեփ նահանգների հիվանդանոցներ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ջերաբլուսի շրջանը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության ներքո:

Ջերաբլուսի շրջանը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության ներքո:

Մյուս կողմից էլ Սիրիայում՝ մասնավորապես Հալեպի քաղաքի մոտակայքում, բախումներ են եղել Սիրիայի կառավարական ուժերի և ընդդիմադիր զինյալ խմբավորումների միջև: Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ կառավարական ուժերը փորձել են առաջ շարժվել դեպի Հալեպ քաղաքի հարավային շրջաններ, սակայն ընդդիմադիր խմբավորումները հետ են շպրտել նրանց, ինչի հետևանքով մահացել է կառավարական ուժերի 30 զինծառայող:

Աղբյուրը հայտնում է նաև, որ կառավարական ուժերը ավելի վաղ գրավել են Հալեպի քաղաքային կենտրոնի արևելյան մի քանի թաղամասեր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին, տեղեկություններ են տարածվել, որ Սիրիայի կառավարական ուժերը քրդական զորաջոկատների օժանդակությամբ սկսել են առաջխաղացումը դեպի Հալեպից հյուսիս-արևելք ընկած Ալ Բաբ քաղաք՝ գրավելով քաղաքի մոտակայքում գտնվող Ազրաք գյուղը:

Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեծացել են Թուրքիայի զինուժի կորուստները Սիրիայում ընթացող գործողությունների շրջանակներում: Միայն նոյեմբերի 24-26-ը Թուրքիայի ԶՈւ-ն ունեցել է 5 զինծառայողի կորուստ: Բացի այդ, նոյեմբերի 29-ին Սիրիայում անհետացել է երկրի ԶՈւ 2 զինծառայող, ովքեր, ըստ ԻՊ պնդման, գերի են վերցվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Իսկ նոյեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում թուրքական բանակի նպատակն Ասադի իշխանության տապալումն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *