Ռազմական համագործակցության շրջանակներում 2017 թվականին Ռուսաստանը Տաջիկստանին մեծ քանակությամբ ավիացիոն տեխնիկա կմատակարարի: Այս մասին նոյեմբերի 30-ին Տաջիկստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Շերալի Միրզոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: Փոխանցում է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական կայքը:
Շոյգուն հայտարարել է նաև, որ Ռուսաստանը շարունակելու է Մոսկվայում վերապատրաստել Տաջիկստանի ԶՈւ սպաների, մարզել կրտսեր և միջին մասնագետների:
Ռուսաստանը և Տաջիկստանը ստորագրել են նաև 2017թ. պաշտպանական գերատեսչությունների համագործակցության պլան:
Նշենք, որ Ռուսաստանը Տաջիկստանում ունի ռազմաբազա, որի տեղակայման ժամկետը 2012 թվականին երկարաձգվեց մինչև 2042թ.: Ռազմաբազայի համար Ռուսաստանը գրեթե չի վճարում, փոխարենը Տաջիկստանին է տրամադրում որոշակի ռազմական օգնություն:
Մասնավորապես 2015-ի ապրիլին Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է առաջիկա տարիներին Տաջիկստանին 70 միլիարդ ռուբլիի (1,23 մլրդ ամերիկյան դոլար) սպառազինություն տրամադրել՝ որպես աջակցություն ահաբեկչության դեմ պայքարում:
2012թ. ռազմաբազայի մասին համաձայնագրից բացի Ռուսաստանը և Տաջիկստանը ստորագրել են ռազմական համագործակցության, այդ թվում՝ զինվորական կադրերի պատրաստման մասին հուշագիր: