Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները Մոսկվայում ստորագրել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, որը վերաբերում է երկրների զինված ուժերի մարտունակության ամրացմանը, կադրերի պատրաստմանը և այլ ոլորտների: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ կայքը:

Ուզբեկստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Քաբուլ Բերդիևը (ձախից) և Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն
Մինչ այս՝ նոյեմբերի 18-ին, արդեն հրապարակվել էր համաձայնագրի նախագիծը, որի 7-րդ կետով՝ համաձայնագրի կողմերը պարտավոր են մյուս կողմին սպառազինությունը վաճառել իրենց ներքին գներով (այն գներով, որով մատակարարում են իրենց զինված ուժերին):
Համաձայնագրի մյուս կետերը վերաբերում են կողմերի ռազմատեխնիկական համագործակցության, մասնավորապես զենքի գնման, համատեղ արտադրության, երրորդ կողմերի չփոխանցման և այլ պայմանավորվածություններ:
Այս համաձայնագրից բացի, Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները նոյեմբերի 29-ին ստորագրել են նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների՝ 2017 թ. համագործակցության ծրագիրը:
Բանակցություններից և փաստաթղթերի ստորագրումից հետո ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ մինչև 2020 թվականն իրականացվելու է Ռուսաստանի արտադրած ժամանակակից սպառազինությամբ Ուզբեկստանի զինված ուժերի վերազինման ծրագիր:
Ավելացնենք, որ մինչ այս Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նման համաձայնագրեր կնքել է նաև Հայաստանի, Բելառուսի և այլ դաշնակից պետությունների հետ: