Գերմանական ընկերությունը հնարավոր է դադարեցնի զենքի մատակարարումը Թուրքիային

Հրազեն արտադրող գերմանական Heckler & Koch ընկերությունը հնարավոր է դադարեցնի զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, ինչպես նաև մի քանի այլ երկրների՝ Սաուդյան Արաբիային, Հնդկաստանին և այլն: Այս մասին նոյեմբերի 28-ին հայտնում է Reuters գործակալությունը՝ գերմանական dpa գործակալությանը հղումով:

MPT 76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգը

Գերմանական Heckler & Koch ընկերության արտոնագրով Թուրքիայում արտադրվող MPT 76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգը

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ գերմանական կառավարությունը դժվարություններ է ստեղծել զենքի արտահանման թույլտվություն ստանալու գործում, ինչի արդյունքում ընկերությունում որոշել են իրենց արտադրանքն այսուհետ արտահանել միայն «ժողովրդավարական և կոռոպցիայից զուրկ», ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետություններ:

Գերմանական ընկերությունը որևէ մեկնաբանություն չի տվել հարցի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին էլ Ավստրիայի խորհրդարանը ընդունել է Թուրքիային սպառազինության մատակարարումը դադարեցնելու մասին բանաձև, որը, սակայն, պարտադիր իրավական ուժ չունի:

Նշենք, որ ներկայում Heckler & Koch HK 417 ինքնաձիգի բազայի վրա գերմանական ընկերության արտոնագրոց Թուրքիայում արտադրվում է MPT-76 «Մեհմեթչիք-2» ավտոմատը:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությւան գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) Kalekalıp ռազմարդյունաբերական ընկերության հետ 2015-ի դեկտեմբերի 15-ին ստորագրել է Թուրքիայի զինված ուժերի համար MPT-76 «Մեհմեթչիք-2» ավտոմատների սերիական արտադրության շուրջ 20,5 մլն ամերիկյան արժողությամբ պայմանագիր:

Մինչ այդ՝ 2015-ի հունվարին, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ղեկավարությամբ անցկացված պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողովը որոշել էր անցնել MPT-76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգների սերիական արտադրության՝ առաջին փուլում արտադրելով 35 հազար ինքնաձիգ:

Գազամխոցային հետադարձ մեխանիզմով «Մեհմեթչիք-2»-ի տրամաչափը 7.62×51մմ է (ՆԱՏՕ), զենքի երկարությունը 920մմ է, փողի երկարությունը՝ 410մմ, զանգվածը՝ 4,1 կգ, կրակի տեմպը՝ 650 կր/ր, պահեստատուփի տարողությունը՝ 20 փամփուշտ, խոցման արդյունավետ հեռավորությունը՝ 600 մետր։

Այս զենքի առաջին տեսակի (5,56մմ տրամաչափով) արտադրության աշխատանքները թուրքական ռազմարդյունաբերական MKEK ընկերությունը սկսել էր դեռևս 2007-ին։ Առաջին օրինակները ստեղծվել են 2008-ին՝ «Մեհմեթչիք-1» անվամբ, և կառուցվածքով հիմնված էին գերմանական Heckler & Koch  HK 416 ինքնաձիգի բազայի վրա, իսկ պահեստատուփը կառուցված է ամերիկյան արտադրության AR-15-ի նմանությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *