Սիրիայի ափերից իր ավիակրի հեռանալու դեպքում Ռուսաստանը կարող է օգտագործել Իրանի ավիաբազան

ՌԴ Դաշնային խորհրդի  անվտանգության և պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Իրանի Համադան քաղաքի «Նոժե» ավիաբազան օգտագործելու անհրաժեշտություն կլինի այն դեպքում, եթե «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը հեռու լինի Սիրիայի ափերից, և հնարավոր չլինի ահաբեկիչներին հարվածներ հասցնել:

Այս մասին նոյեմբերի 26-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:

Նույն օրը Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Իրանը Ռուսաստանին կտրամադրի Համադանի ավիաբազան:

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

Նշենք, որ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը 2016-ի հոկտեմբերից – 2017-ի հունվար ամիսներին մասնակցելու է Միջերկրական ծովից Սիրիայի տարածքում ԻՊ զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելուն:

Ներկայում ավիակրի վրա հերթապահություն են իրականացնում Սու-33 և ՄիԳ-29 կործանիչներ և Կա–52Կ, Կա-27, Կա-31 ուղղաթիռներ: (Ընդ որում՝ կործանիչներից մեկը նոյեմբերին վթարվել է անսարքության պատճառով):

Իսկ Համադանի ռազմաբազան Ռուսաստանն օգոստոսին օգտագործել է  ՏՈւ22-Մ3 հեռահար և ՍՈւ-34 ճակատային ռմբակոծիչների թռիչքների համար: Դրանք մի քանի անգամ դուրս են եկել Իրանից և հարվածներ հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին:

Օգոստոսի 22-ին, սակայն, Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ Ռուսաստանը դադարեցրել է օգտագործել «Համադան» ռազմաբազան , քանի որ կողմերի միջև բազայի օգտագործման շուրջ հստակ պայմանավորվածություն չի եղել:

Իսկ արդեն օգոստոսի 23-ին Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտնեց, որ Ռուսաստանը շարունակում է ավիաբազայի օգտագործումը: Խոսնակը նշել էր, որ Ռուսաստանը և Իրանը համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարում, ինչի շրջանակներում ռուսաստանյան օդուժը շարունակելու է լրալցավորման համար օգտագործել իրանական ավիաբազան: Սակայն, նա նաև հավելել էր, որ Իրանը մշտական հիմունքով  ոչ մի երկրի ռազմաբազա չի տրամադրել:

Իսկ ըստ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, ռազմական փորձագետ  Վլադիմիր Եվսեևի՝ Համադանի ավիաբազայի երկրաժամկետ կամ մշտական հիմունքով օգտագործումը ռազմատեխնիկական տեսանկյունից անհնար է, իսկ քաղաքական տեսանկյունից նաև անցանկալի:

Նշենք, որ Ռուսաստանը  ավիաբազա  ունի Սիրիայում. «Հմեյմիմ» օդանավակայանում տեղակայված են ՌԴ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Ավիաբազան  Ռուսաստանը օգտագործում է այնտեղ ՌԴ ԶՈւ ավիախումբ տեղակայելու մասին պայմանագրի կնքման օրվանից` 2015-ի օգոստոսի 26-ից:

Իսկ Համադանի ավիաբազայի օգտագործումը պայմանավորված էր նրանով, որ  «Հմեյմիմ»  ավիաբազան  չի կարողանում ընդունել մեծ չափսերի ռմբակոծիչներ, ինչի  պատճառով ռուսաստանյան ռմբակոծիչները ստիպված ամեն անգամ ավիահարվածներից հետո վերադառնում էին ՌԴ տարածք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *