Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմանավերից մեկը Հորմուզի նեղուցում նշանառության տակ է առել ամերիկյան MH-60 ուղղաթիռը: Այս մասին նոյեմբերի 29-ին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչներին:
Ըստ ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչների` ամերիկյան ուղղաթիռը իրանական ռազմանավից 800մ հեռավորության վրա թռչելիս է եղել միջազգային ջրերում և չնայած ուղղաթիռի անձնակազմը վտանգ չի զգացել՝ այնուամենայնիվ նմանտիպ միջադեպը կարող է սրել իրավիճակը:
Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանի ՌԾՈւ-ն երկրի ջրերում շարունակելու է իր ծառայությունը` առանց ուշադրություն դարձնելու ԱՄՆ բարձրացրած դատարկ աղմուկին:
«Տարբեր երկրների նավեր առանց որևէ խնդրի երթևեկում են Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում: Միայն Ամերիկան է, որ խնդիրներ է ստեղծում և առանց որևէ իրական պատճառի աղմուկ բարձրացնում», — հայտարարել է Իրանի ՊՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերին, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Իրանը սպառնացել էր խփել ամերիկյան 2 հետախուզական ինքնաթիռները:
Նշենք, որ FoxNews լրատվական կայքի տվյալներով՝ տարեսկզբից Պարսից ծոցում Իրանի և ԱՄՆ ռազմածովային ուժերի միջև գրանցվել է մոտ 30 նմանատիպ միջադեպ: