Նախորդ շաբաթ անցկացված զորավարժության ընթացքում ՀՀ ԶՈւ ինժեներասակրավորային զորամասերից մեկի զինծառայողները «Բաղրամյան» զորավարժարանում իրականացրել են տեղանքի ինժեներական հետախուզում, ականադաշտերի ականազերծում, փլուզվածքների բացում, մետաղական կամրջի տեղադրում և այլն։ Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի նոյեմբերի 26-ի թողարկումից։
Աշխատանքների նպատակը մարտական գործողություն իրականացնող զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների համար անցանելի ճանապարհներ ապահովելն է։ Գումարտակը մարտական պատրաստականությաան լրիվ աստիճանի բերվելու հետո կատարել է ռազմերթ, կենտրոնացել նախորոշված շրջանում, անցել բանակային զորամիավորման ենթակայության ներքո և իրականացրել խնդիրներ իր առջև դրված խնդիրները։
Զորավարժարանի տարածքում ինժեներասակրավորային վաշտը իրականացրել է տեղանքի ականազերծում, որպեսզի ապահովի մյուս ստորաբաժանումների առաջխաղացումը։
Հողափոր մեքենաները պատրաստել են խրամուղիներ, հակատանկային փոսեր և թաքստոցներ՝ մարտական մեքենաների համար։ Զորքերի անարգել առաջխաղացումն ապահովելու համար ուղեհարթիչ մեքենան հղկել է ճանապարհներ և բացել առկա փլուզումները։
Զորավարժությանը հետևել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը և ԶՈւ ինժեներական զորքերի վարչության պետ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը։