Վրաստանի պաշտպանության նախարարության բյուջեն 68 մլն դոլարի պակասորդ ունի

Հոկտեմբերի 27-ին Վրաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Իրակլի Ալասանիան հանդիպել էր նախարարության աշխատակազմի և միացյալ շտաբի ղեկավարների հետ: Հանդիպման ժամանակ նախարարը խոսել է առկա խնդիրներից։ Մասնավորապես նա ընդգծել է, որ որոշ թերություներ արդեն հայտնաբերվել են, ներառյալ 113 միլիոն լարիի (մոտ 68մլն. դոլար) պակասորդը (Վրաստանի պաշտպանության նախարարության բյուջեն կազմել է 676,5 միլիոն լարի (~407.5 միլիոն դոլար): Նոր նախարարի աշխատանքային խումբը առաջարկներ է մշակում ճգնաժամից հնարավորինս շուտ դուրս գալու համար, որոնք եկող երկուշաբթի պիտի ներկայացվեն վարչապետ Բիձինա Իվանաշվիլիին։

Ալասանիան չի շրջանցել նաև ապագայի առաջնահերթությունների թեման։

Նա առանձնացրել է մի շարք հարցեր, որոնք լինելու են Վրաստանի նոր կառավարության և պաշտպանական գերատեսչության ուշադրության կենտրոնում։ Դրանք են. խաղաղության պահպանումը և մասնակցությունը միջազգային խաղաղարար ու խաղաղապահ առաքելություններին, պաշտպանության նախարարության ապաքաղաքականացվածությունը, պաշտպանության ոլորտի նկատմամբ քաղաքացիական, լրատվական և խորհրդարանական վերահսկողության ավելացումն ու խստացումը, ռազմական արդյունաբերության զարգացումը։

Մասնավորապես, Ասալանիան հաստատել է, որ վրացի զինվորները շարունակելու են իրենց առաքելությունն Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում: Իսկ ռազմական արդյունաբերության մասին խոսելիս, նա քննադատել է նախորդ իշխանություններին, հայտարարելով, որ այդ ոլորտում նախկինում միայն մակերեսային քայլեր են արվել և այն էլ զուտ քարոզչական ու PR նպատակներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *