Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հոկտեմբերի 31-ին երեք նոր փոխնախարար է նշանակել, հաղորդում է civil.ge լրատվակայքը:
Նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Լևան Դոլիձեն, ով մինչ այդ եղել էր «Լևան Միքելադզե» հիմնադրամի նախագահը: Ալասանիայի խոսքերով Լևան Դոլիդզեն լինելու է ռեֆորմների և բանակում քաղաքացիական վերահսկողությունը մեծացնելու պատասխանատուն, ինչպես նաև պաշտպանության նախարարության խորհրդարանական ներկայացուցիչը: Նշենք նաև, որ Լևան Դոլիձեի եղբայրը «Վրացական Երազ» կոալիցիայի անդամ Վիկտոր Դոլիձեն է, ով Վրաստանի խորհրդարանում ղեկավարում է Եվրոպական ինտեգրման կոմիտեն: Վիկտոր Դոլիձեն «Մեր Վրաստան-Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ է, որի հիմնադիրն Իրակլի Ալասանիան է:
Նորանշանակ մյուս երկու փոխնախարարներն են Ալեքսանդր Բուրչուլաձեն և Իրակլի Գեգեչկորին։
Ալեքսանդր Բուրչուլաձեն զբաղվելու է ֆինանսական հարցերով։ Իրակլի Ասալանիայի խոսքերով` նա լավ ֆինանսիստ և փորձված ֆինանսիստ է։ Բուրչուլաձեն նախկինում հիմնադրել էր կառավարման ոլորտում խորհրդատվություն տրամադրող «Ինովա» ընկերությունը, իսկ 2010-2011 թթ եղել է Վրաստանի հանրային հեռուստատեսության գլխավոր տնօրենի խորհրդական:
Իսկ Իրակլի Գեգեչկորին լինելու է անվտանգության հարցերի համակարգման պատասխանատուն։ Նախկինում Գեգեչկորին աշխատել է Վրաստանի պետական անվտանգության նախարարությունում ու Վրաստանի հետախուզությունում, իսկ 2006-2007թթ. եղել է «Աբխազիայի վտարանդի կառավարության» կազմում։
Ալասանիան տաև տեղեկացրել է, որ նախագահի գրասենյակի հետ խորհրդակցություններ են ընթանում Վրաստանի միացյալ շտաբի ղեկավարին փոխարինելու հարցի շուրջ: «Խորհրդակցություները կվերջանան մի քանի օրից և մենք կունենանք միացյալ շտաբի նոր ղեկավար», ասել է նախարարը: