Ադրբեջանում սպանվել է ահաբեկչական գործունեություն իրականացրած քաղաքացի

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները փոխհրաձգության ժամանակ սպանել են ահաբեկչության մեջ մեղադրվող, Ադրբեջանի քաղաքացի Ռահիմով Ռամիգ Նազիր օղլուին (Rəhimov Ramiq Nazir oğlu)՝ ծնված 1974 թվականին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: 

Համաձայն աղբյուրի՝ Ռահիմովը կասկածվում էր ահաբեկչական կազմակերպությունների կազմում գործունեություն իրականացնելու, Ադրբեջանից դուրս կրոնական ատելության հիմքի վրա ընթացող զինված հակամարտություններում մասնակցելու, այդ հակամարտություններում Ադրբեջանի քաղաքացիների ընդգրկման, հանցավոր կազմակերպությունների անդամների մասնակցությամբ գաղտնի հավաքների կազմակերպման համար:

Ըստ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության տվյալների՝ Ռահիմովը ապօրինի ձենք և պայթուցիկներ է ձեռք բերել՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու և մարդկանց առևանգելու նպատակով:

Նոյեմբերի 25-ին պետանվտանգության ծառայության օպերատիվ խմբի աշխատակիցները նրան հայտնաբերելու և ձերբակալելու համար գործողություն են իրականացրել Ադրբեջանի Խաչմազի շրջանի Դյուզթահիրոբա գյուղում, որի ժամանակ Ռահիմովը հրաժարվել է հանձնվել և զինված դիմադրություն է ցույց տվել: Սրան ի պատասխան՝ օպերատիվ խմբի անդամները կրակել և սպանել են նրան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *