Իրաքում ահաբեկչության 100 զոհերի մեծ մասը իրանցի շիաներ են

Նոյեմբերի 24-ին Իրաքի Հիլա քաղաքում մահապարտ ահաբեկիչը ականապատ բեռնատար մեքենա է պայթեցրել, ինչի հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ, որոնց մեծ մասը իրանցի շիա ուխտագնացներ են։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Հիլա քաղաքը գտնվում է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 100 կմ դեպի հարավ։ Ուխտագնացները վերադառնում էին շիաների սուրբ քաղաք Քերբալայից։ Պայթունը եղել է բենզալցակայանի մոտ։

Բաղդադում պարբերաբար ահաբեկչություններ են կատարվում, սա վերջին ամիսների երկրորդ խոշոր ահաբեկչությունն է․ հուլիսի 3-ին Բաղդադում պայթեցվել էր ականապատված մեքենա, ինչը խլել էր 292 մարդու կյանք: Ահաբեկչության պատասխանատվությունը կրկին ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը:

Հիշեցնենք, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հսկայական տարածքներ է զավթել հիմնականում 2014-ին ու շարունակում է իր ահաբեկչական գործունեությունը մինչև հիմա:

Կազմակերպության դեմ պայքարում են ինչպես Սիրիայի և Իրաքի կառավարական ուժերը, այնպես էլ ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված միջազգային կոալիցիան, Ռուսաստանը, Իրանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *