Իրաքի կառավարական բանակի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող Հաշդ ալ-շաաբի զորաջոկատները մոտ են Մոսուլում տեղակայված իսլամիստներին Սիրիա տանող միակ խոշոր ճանապարհից մեկուսացնելուն: Այս մասին նոյմեբերի 21-ին «Ռոյթերս» գործակալությանը հայտնել է Իրաքում սեփական աղբյուրներից մեկը:
Իրաքի կառավարության, ինչպես նաև Իրանի աջակցությամբ գործող Հաշդ ալ-շաաբին («Ժողովրդական զորահավաքի ուժեր») ներկայումս մարտեր է տանում Մոսուլից արևմուտք՝ Սիրիայի հետ սահմանակից շրջաններում տեղակայված Թել Աֆար քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու համար:
Խմբավորմանը օդային աջակցություն են ցուցաբերում Իրաքի ռազմաօդային ուժերը: «Ռոյթերսի» աղբյուրը նշել է, որ մոտ ժամանակներս Մոսուլից Թել Աֆար տանող մայրուղին կլինի շիայական խմբավորման հսկողության տակ: Հավելենք, որ խմբավորման կազմում ներգրավված են նաև եզդիներ և քրիստոնյաներ:
Նշենք, որ Հաշդ ալ-շաաբի ջոկատները Թալ-Աֆարը ԻՊ զինյլալներից ազատագրելու գործողությունը սկսել են հոկտեմբերի վերջից և արդեն վերցրել են քաղաքին մոտ գտնվող մի քանի գյուղեր և բնակավայրեր: Իսկ Նոյեմբերի 16-ին խմբավորման հսկողության տակ է անցել նաև քաղաքի օդանավակայանը:
Սակայն շիայական խմբավորման գործողություններին կտրուկ է արձագանքում Թուրքիան, որը հանդես է գալիս տեղի սուննի թուրքմենների «շահերի պաշտպանությամբ»: Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հաշդ ալ-շաաբիի ջոկատները մտնեն Թալ-Աֆար, Թուրքիան դիմելու է համապատասխան գործողությունների և դիտորդի կարգավիճակում չի մնալու:
Արդեն նոյեմբերի 15-ին, համաձայն թուրքական «Անադոլու» գործակալության, Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է, որ Թալ-Աֆար մտնելու է Իրաքի կառավարական բանակի 92-րդ և 72-րդ բրիգադները, ինչպես նաև Թալ-Աֆարի սունի և շիա մուսուլմաններից կազմված խումբը: Սակայն մինչ օրս տեղեկություններ կան միայն հիմնականում շիաներից կազմված խմբավորման գործողությունների մասին:
Թալ-Աֆար քաղաքը գտնվում է 50-60 կմ հեռավորության վրա Մոսուլ քաղաքից և գտնվում է ԻՊ զինյալների ձեռքում 2014-ի կեսերից: Այս քաղաքի գրավումը կարևոր է Մոսուլի ազատագրման գործողության համար:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 20 նոյեմբեր – 26 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info