Երեկ Վրաստանի ՌՕՈւ հրամանատար նշանակված անձն այսօր հրաժարական է տվել

Նոյեմբերի 15-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հրամանով վերջերս կազմավորված ռազմաօդային ուժերի հրամանատար և հրամանատարի տեղակալ էին նշանակվել փոխգնդապետներ Սերգո Նինուան և Գեորգի Ցաբաձեն: Սակայն նոյեմբերի 16-ին ՌՕՈւ նորանշանակ հրամանատարը և վերջինիս տեղակալը հրաժարական են տվել:

Վրաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարությունում կատարված նշանակումները հասարակությունում մեծ դժգոհություններ էին առաջ բերել: Նորանշանակ ՌՕՈւ փոխգնդապետները նոյեմբերի 16-ին հրաժարական են ներկայացրել, նշելով, որ կսպասեն իրենց հասցեին հնչեցված մեղադրանքների հիման վրա կատարվող հետաքննությանը:

Փոխգնդապետներ Սերգո Նինունան և Գեորգի Ցաբաձեն

Փոխգնդապետներ Սերգո Նինունան և Գեորգի Ցաբաձեն

Վրաստանյան «Պիրվելի» հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ` Սերգո Նինունան և Գերոգի Ցաբաձեն չեն համապատասխանում այդ պաշտոնններին նշանակվելու համար անհրաժեշտ մի շարք պահանջների՝ Սպայական կոչումով ծառայության բավարար ժամկետ, ՌՕՈւ համար որակավորման պահանջներ, Արտասահմանյան լեզվի իմացության մակարդակ:

Բացի այդ նշվում է, որ ռազմաօդային ուժերի հրամկազմին պետք է ընտրի հատուկ հանձնաժողովը: Սակայն Նինուայի և Ցաբաձեի դեպքում դա չի իրականացվել, վերջիններիս նշանակել է պաշտպանության նախարարը՝ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիայի խնդրանքով:

Վրաստանի ՊՆ տարածած հաղորդագրությունում Չաչիբաիան հայտարարել է, որ օրենքը չի խախտվել, քանի որ ներկայումս ռազմաօդային ուժերը փոփոխություների փուլում են, և անհրաժեշտ է օպերատիվ որոշումներ կայացնել:

Նշանակումները մեկնաբանել էր նաև Վրաստանի ԶՈւ պահեստազորի գնդապետ Դավիդ Նեմսաձեն, ում մի քանի ամիս առաջ էին հեռացրել զինուժի շարքերից: Նեմսաձեն նշում է, որ ՌՕՈւ նորանշանակ հրամանատարները Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ են: Բացի այդ, Նեմսաձեն Ցաբաձեին մեղադրել է 2008 թ. վրաց-ռուսաստանյան պատերազմի ժամանակ կատարած դավաճանության համար: Նշում է, որ իբր Ցաբաձեն թույլ է տվել ոչնչացնել Վրաստանի ԶՈւ սպառազինությունում առկա 36Դ6 ռադիոլոկացիոն կայաններից մեկը:

Նոյեմբերի 16-ին Վրաստանի ՊՆ գլխավոր տեսչական ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ Նինունայի և Ցաբաձեի դեմ արված հայտարարությունների հիման վրա հետաքննություն է սկսվելու: Հայտարարությունից որոշակի ժամանակ անց ՌՕՈւ նորանշանակ հրամանատարև և հրամանատարի տեղակալը մամուլի ասուլիս են հրավիրել ու հայտնել, որ հետաքննության ընթացքում հրաժարական են տալիս:

Նշենք, որ 2010-ին Վրաստանի ռազմաօդային ուժերը որպես ԶՈւ առանձին զորամիավորում վերացվել էին և հանձնվել ցամաքային զորքերի ենթակայությանը: Սակայն 2016 թ. ամռանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին հայտարարեց ռազմաօդային ուժերը վերականգնելու մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *