Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Թեհրանում Չինաստանի պաշտպանության նախարար, գեներալ Չանգ Վանցույան և Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը ստորագրել են չին-իրանական ռազմական համագործակցության համաձայնագիր: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն մասնավորապես հակաահաբեկչական պայքարի, ռազմական փորձի փոխանակման ոլորտներում:
Նույն օրը Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամադ Հոսեյն Բաղերին Չանգ Վանցյուանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է համատեղ զորավարժություններ անցկացնել Չինաստանի հետ:
Նշենք, որ Չինաստանի պաշտպանության նախարարը եռօրյա պաշտոնական այցով Իրան է ժամանել նոյեմբերի 13-ին:
Նկատենք նաև, որ Իրանն ու Չինաստանը վերջին շրջանում ամրապնդել են իրենց տնտեսական կապերը։ Արդյունքում Չինաստանն արդեն դարձել է Իրանի առևտրային հիմնական գործընկերը: Այժմ երկրները փորձում են ընդլայնել նաև ռազմական համագործակցությունը:
Այս նպատակով 2014թ. սեպտեմբերին Իրան են ժամանել Չինաստանի ՌԾՈւ «Չանչուն» էսկադրոնային ականակիր նավը և «Չանժոու» հրթիռային ֆրեգատը: Նավերը անցկացրել են նաև համատեղ ծովային վարժանքներ Իրանի ՌԾՈւ հետ:
Նույն թվականի հոկտեմբերին պաշտոնական այցով Չինաստան է մեկնել նաև Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 13 նոյեմբերի – 19 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info