Վրացական ստորաբաժանումները կմնան Աֆղանստանում մինչև խաղաղապահ առաքելության ավարտը. Իրակլի Ալասանիա

Վերջերս Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնած Իրակլի Ալասանիան հայտարարել է եվրոատլանտյան կառույցներին Վրաստանի` լայնորեն ինտեգրվելու անհրաժեշտության մասին:

«Մենք մասնակացում ենք Աֆղանստանում հակաահաբեկչական ռազմական գործողություններին և մտադիր ենք շարունակել նախագահ Սաակաշվիլու քաղաքական կուրսը. վրացական զորքերը կմնան Աֆղանստանում մինչև խաղաղապահ առաքելության ավարտը»,- ասել է Ալասանիան:

Նշենք, որ ավելի վաղ Ալասանին արդեն հանդես էր եկել այսպիսի հայտարարությամբ:

Ըստ Վրաստանի պաշտպանության նորանշանակ նախարարի՝ առաջիկայում վրացական նոր կառավարությունը կավելացնի Աֆղանստանում վրացի զինծառայողների թիվը՝ այն հասցնելով 1700-ի (ներկայումս Աֆղանստանում ծառայում է 900 վրացի զինվորական):

Նախատեսված է նաև տեղակայման մշտական վայր վերադարձնել հետևակային բրիգադի 2-րդ գումարտակը և Աֆղանստան ուղարկել Վրաստանի ԶՈՒ հետևակային բրիգադի 1-ին և 3-րդ գումարտակները:

Այսպիսով, Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը ցանկանում է ցույց տալ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու իր հստակ մտադրությունը և Աֆղանստանում մարտական գործողություններին մասնակցելու միջոցով բարձրացնել վրացի զինծառայողների մարտական պատրաստության մակարդակը:

Միաժամանակ, Վրաստանի ՊՆ-ն վերջին շրջանում նկատելի դժվարությունների է հանդիպում Աֆղանստանում ծառայելու նպատակով վրացի պայմանագրային զինծառայողների հավաքագրման գործում: Վրացական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ միայն 2012 թվականի առաջին քառորդում ավելի քան 100 զինվորականներ հրաժարվել են ծառայել Աֆղանստանում: Զորացրվելու մտադրությունից նրանց ետ չի պահել անգամ պայմանագրին չհետևելու դեպքում 28 հազար լարի (17 հազար դոլար) տուգանք վճարելու մասին օրենքը:

Հավելենք, որ Վրաստանի ռազմական ուժերն Աֆղանստանում են 2009 թվականից: Վրացական վաշտը (175 զիվոր և սպա) տեղակայված է Քաբուլում` Ֆրանսիայի պատասխանատվության գոտում: Վրացի զինծառայողների ևս երկու գումարտակ (750 մարդ) տեղակայված է Հելմանդ նահանգում` ԱՄՆ պատասխանատվության գոտում: Մինչ օրս զոհվել է Աֆղանստանում ծառայող վրացի 18 զինծառայող, որոնցից 7-ը այս տարի:
Աղբյուր՝ http://www.peacekeeper.ru/ru/?module=news&action=view&id=16311

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *