Ադրբեջանում շարունակվող զորավարժությանը ներգրավվել է նաև ՌԾՈւ-ն

Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի բանակի զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները, այդ թվում՝ ռազմածովային, զրահատանկային, ռազմաօդային, ռազմածովային և այլ ուժերը, տեղակայվել են զորավարժության անցկացման շրջաններում, ելման դիրքերում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները վերախմբավորվում են զորավարժության անցկացման վայր

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները վերախմբավորվում են զորավարժության անցկացման վայր

Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի բանակի գրեթե բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկած զորավարժությանը ներգրավվել են նաև ռազմածովային ուժերը։ Առավել վաղ ՌԾՈւ մասնակցության մասին որևէ տեղեկություն չէր տարածվել։

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով զորավարժությունը մի քանի նպատակ է հետապնդում.

— Կարծում եմ՝ կա մի քանի բացատրություն՝ սկսած նրանից, որ մասամբ դա նաև պայմանավորված է նրանով, որ աշնանը միշտ ադրբեջանական կողմն անցկացնում է զորավարժություններ, մյուս կողմից կան նաև քաղաքական բացատրություններ: Դա նաև ադրբեջանի ներսում և սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրներն են: Եվ վերջինը, ամենակարևորը․ դա նաև արձագանք է այն Հայաստանի ռազմատեխնիկական համալրման վերջին զարգացումներին:

Զորավարժության հենց նախորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, ադրբեջանական զինված ուժերը սրել են իրավիճակը Արցախի հետ շփման գծում։ Հյուսիսային Թալիշ և հյուսիսարևելյան Յարըմջա գյուղերի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կրակել է խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններով և 60, 82 մմ-անոց ականանետներով։ Սերգեյ Մինասյանի խոսքով զորավարժությունն ու շփման գծի լարումն իրար հետ կապված են.

— Ադրբեջանական կողմը այս զորավարժություններով և նաև շփման գծում իր կեցվածքով փորձում է ցույց տալ իր, այսպես ասած, անհամաձայնությունը ստեղծված և պահպանվող ստատուս քվոյին: Ես ավելի շատ հակված եմ դա համարել, որ դա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մշտական քաղաքականության իրագործումն է, որի իմաստն այն է, որ լարվածությունը, ռազմական սպառնալիքները քաղաքականության մի մասն են ինչպես արտաքին և ներքին լսարանի համար․ ներքին լսարանի համար՝ որ Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ վերադարձնեն Ղարաբաղը, արտաքինը՝ որ Ադրբեջանը հակված չէ ընդունել քաղաքական իրականությունը:

Հիշեցնենք, որ համաձայն Ադրբեջանի ՊՆ հայտարարության, մինչև նոյեմբերի 18-ն անցկացվող վարժանքներին ներգրավված են Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայող, շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ:

Ադրբեջանի ռազմածովային ուժերը՝ 2016 թ․ նոյեմբերյան զորավարժության ժամանակ

Ադրբեջանի ռազմածովային ուժերը՝ 2016 թ․ նոյեմբերյան զորավարժության ժամանակ

Ադրբեջանի բանակի Մի-8/17 ուղղաթիռներ՝ զորավարժության ընթացքում

Ադրբեջանի բանակի Մի-8/17 ուղղաթիռներ՝ զորավարժության ընթացքում

One response to “Ադրբեջանում շարունակվող զորավարժությանը ներգրավվել է նաև ՌԾՈւ-ն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 13 նոյեմբերի – 19 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *