Վրաստանցի զինծառայողները հետ են մղել Աֆղանստանում Գերմանիայի հյուպատոսության վրա հարձակումը

Նոյեմբերի 11-ի գիշերը Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքում հարձակման է ենթարկվել Աֆղանստանում Գերմանիայի հյուպատոսությունը: Ականապատ մեքենան բախվել է Mazar հյուրանոցին, որտեղ տեղակայված է Գերմանիայի հյուպատոսարանը, և պայթել է: Շենքի ներսում ևս եղել է պայթյուն, ինչից հետո սկսվել է մարտ:

Փոխհրաձգությանը մասնակցել են նաև վրաստանցի զինծառայողները, հայտնում է վրաստանյան «Новости-Грузия» լրատվակայքը՝ Վրաստանի ՊՆ-ին հղումով:

Վրաստանի ԶՈւ երկրորդ հետևակային բրիգադի զինծառայողները՝ Աֆղանստան մեկնելուց առաջ (արխիվ)

Վրաստանի ԶՈւ երկրորդ հետևակային բրիգադի զինծառայողները՝ Աֆղանստան մեկնելուց առաջ (արխիվ)

Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող վրաստանցի զինծառայողները դիմադրել են հարձակմանը և հետ մղել այն:

«Մազարի-Շարիֆում գերմանական հյուպատոսության մոտ ահաբեկչական գործողություն է եղել, որի [հետ մղելուն] մասնակցել է նաև Վրաստանի ԶՈւ երկրորդ հետևակային բրիգադի հետախուզական վաշտի արագ արձագանքման խումբը: Նրանք կարողացել են պաշտպանել հյուպատոսության անվտանգությունը և հետ են մղել ահաբեկիչների հարձակումը», — նշվում է Վրաստանի ՊՆ հայտարարության մեջ:

Հարձակման մասին Գերմանիայի արտգործնախարարի հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումը հետ մղելուն մասնակցել են Աֆղանստանի ոստիկանական ուժերը, Գերմանիայի, Լատվիայի, Բելգիայի և Վրաստանի զինծառայողները: Իսկ Գերմանիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ հատուկ նշվում է.

«Մենք շնորհակալ ենք Աֆղանստանի անվտանգության ուժերին և «Վճռական աջակցություն» առաքելության վրաստանյան ուժերին, որոնք իրենց դրսևորեցին քաջ և արհեստավարժ՝ անմիջապես օգնության հասնելով և հետ մղելով հարձակումը»:

Նշենք, որ Վրաստանն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցել է դրա հենց սկզբից՝ 2015թ. հունվարից: Առաքելության մասնակից զորախմբերից Վրաստանի զորախումբն իր մեծությամբ երկրորդն է՝ ԱՄՆ-ից հետո:

«Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանի ԶՈւ զորախումբը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *