Նոյեմբերի 10-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է Շրնաք նահանգ, ստուգայցեր կատարել Իրաքի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալության կայքը:
Գեներալ Աքարին ուղեկցել են Թուրքիայի ԶՈւ ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերի, զորամիավորումների հրամանատարները:
Հիշեցնենք, որ թուրքական զինուժի ղեկավարությունը նույն կազմով նոյեմբերի 7-ին այցելել էր Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:
Նշենք, որ թուրքական զինուժը ներկայումս գործողություններ է վարում Իրաքի և Սիրիայի տարածքում՝ Սիրիայում ունենալով առավել մեծ թվով զինուժ: Սակայն վերջին շրջանում տանկեր, այլ զրահատեխնիկա և հավելյալ զինանձնակազմ է տեղակայվում նաև Իրաքի հետ սահմանին:
Թուրքիան փորձում է մասնակցել ինչպես Իրաքի Մոսուլ քաղաքը, այնպես էլ՝ Սիրիայի Ռաքքա քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողություններին՝ ջանալով մեծացնել իր ազդեցությունն այդ երկրներում: Սակայն ներկայումս Թուրքիայի նման նկրտումները լուրջ հակասություններ են առաջացրել նշված երկրների իշխանությունների հետ:
Մասնավորապես Իրաքի պարագայում Թուրքիան փորձում է այդ երկրի հյուսիսային շրջաններում իրեն հավատարիմ սուննիների ազդեցությունը մեծացնել, ինչպես նաև սահմանափակել շիաների ազդեցությունը: Հակառակ դեպքում թուրքական կողմը սպառնում է ավելի մեծ թվով զինուժ մտցնել Իրաքի տարածք:
Pingback: Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը այցելել է սահմանային ստորաբաժանումներ | Ռազմ.info