Նոյեմբերի 9-ին Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի և Վան նահանգներում թուրք-քրդական բախումների արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, 3 «գյուղական պահապան», 1 քաղաքացիական անձ, ևս 2 «գյուղական պահապան» վիրավորվել է:
Համաձայն թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ Վան նահանգի Բաշքալե գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները կրակել են ավտոբուսի վրա, ինչի արդյունքում 3 «գյուղական պահապան» և 1 քաղաքացիական սպանվել է, ևս 2 գյուղական պահապան՝ վիրավորվել:
Մեկ այլ դեպք տեղի է ունեցել Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում: PKK զինյալները ականանետով կրակել են ԶՈւ զինծառայողների վրա, արդյունքում 1 զինծառայող սպանվել է:
Նոյեմբերի 9-ին Բաթման քաղաքում PKK զինյալները ինքնաձիգներով կրակել են քաղաքի ոստիկանական տեղամասի վրա, կորուստներ չկան: Սակայն դեպքից հետո անվտանգության ուժերը գործողություններ են սկսել PKK-ի դեմ: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերը հարավային և արևելյան մի քանի նահանգներում PKK դեմ գործողություններ են սկսել, որոնց աջակցում է նաև օդուժը:
Նոյեմբերի 7-9 Թուրքիայի արևելյան Թունջելի նահանգում զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում PKK-ի 14 զինյալ է սպանվել: Միևնույն ժամանակ հարավ-արելյան Շրնաք նահանգում ԶՈւ գործողությունների արդյունքում սպանվել է PKK 19 զինյալ:
Բացի այդ, նոյեմբերի 8-ին Թուրքիայի ԶՈւ ռազմօդային ուժերը հարվածել է Իրաքի հյուսիսային շրջաններում տեղակայված PKK դիրքերին և ոչնչացրել 4 թիրախ:
Նշենք, որ նմանատիպ բախումները թուրքական ուժայինների և քրդերի միջև պարբերաբար կրկնվում են՝ սկսած 2015 թ. ամռանից, երբ թուրքական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց երկրի ներսում քրդերի դեմ: Սակայն վերջին շրջանում Թուրքիայի խորհրդարանական քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) ղեկավարների և մի շարք անդամների ձերբակալությունից հետո բախումները փոքր-ինչ ավելի սրվել են:
Նշենք նաև, որ «գյուղական պահապանները» հիմնականում քրդերից կազմավորված զինված ստորաբաժանումներ են, որոնք պայքարում են PKK-ի դեմ:
Pingback: Թուրքական օդուժը ռմբակոծել է Դիարբեքիրի շրջանում քրդերի դիրքերը | Ռազմ.info