Ադրբեջանում քննարկում են «ռազմական դրության մասին» օրենքի փոփոխության նախագիծը

Ադրբեջանի խորհրդարանում քննարկման է դրվել «ռազմական դրության մասին» օրենքի փոփոխության նախագիծ: Նոր օրենքի շրջանակներում, ի թիվս այլ փոփոխությունների, քննարկվում է նաև ռազմական դրության ժամանակ համացանցային աղբյուրների գործունեությունը համակարգելու հարցը: 

Այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը:

Փոփոխվելու են մի շարք հոդվածներ, ինչպես նաև ավելանալու են նորերը, որոնց մասին համընդգրկուն տեղեկություն առայժմ չի հաղորդվում:

Օրենքի նախագծով մասնավորապես առաջարկվում է արգելել պետության կողմից ստեղծված կանոնավոր զինված ստորաբաժանումներից զատ ցանկացած այլ զինված ստորաբաժանման գործունեություն: Հանձնաժողովի ղեկավարը հայտնում է, որ նախկին օրենքում նման կետ չկար:

Եթե հիմա երկրում ռազմական դրություն հաստատելու վերաբերյալ նախագահի դիմումին խորհրդարանը նիստերի միջև ընկած ժամանակահատվածում պետք է պատասխանի 72 ժամում, օրենքի փոփոխված տարբերակով նախատեսվում է այդ ժամկետը հասցնել 48 ժամի:

Բացի այդ, ադրբեջանցի պատգամավորի հայտարարության համաձայն, որոշ պատգամավորներ առաջարկել են օրենքում ներառել նաև ռազմական դրության ժամանակ համացանցային ռեսուրսների գործունեության կարգավորմանը վերաբերող հոդվածներ:

Հավելենք, որ ադրբեջանական որոշ ընդիմադիր լրատվամիջոցներ մտավախություն են հայտնում, որ օրենքով նախատեսվում է էլ ավելի սահմանափակել լրատվամիջոցների ազատությունը:

Հիշեցնենք, որ 2014 թ. օգոստոսյան պատերազմից հետո Ադրբեջանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրով արդեն իսկ սահմանափակվել են լրատվամիջոցների գործողությունները պատերազմական դրության ընթացքում:

Վերջիններս առանց պաշտպանության նախարարության հետ համաձայնեցնելու և թույլտվության ստանալու իրավունք չունեն «ռազմական գաղտնիք համարվող տեղեկություներ» փոխանցել:

Ընդ որում՝ նշված տեղեկությունների շարքին են դասվում նաև ադրբեջանական բանակի կորուստների մասին տեղեկությունները, ինչը այդ երկրի ՊՆ-ին թույլ է տալիս թաքցնել իրենց զինված ուժերի մարդկային կորուստները:

Սակայն տեղեկությունները որոշակի մասով հասանելի են դառնում սոցիալական ցանցերում կատարված տարբեր գրառումներից: Հավանական է, որ նոր օրենքով կփորձեն վերահսկել նաև այդ հատվածը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *