Իսրայելում ոչնչացված ԱԹՍ-ը մինչ ոչնչացվելը լուսանկարներ է ուղարկել Իրանին

«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով իրանական Մեհր գործակալությանը, հաղորդում է, որ Իրանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Էսմայիլ Կովսարին հայտարարել է, որ Իսրայելում հոկտեմբերի 6-ին ոչնչացված անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) մինչև ոչնչացվելը լուսանկարներ է ուղարկել:

Իրանը պնդում է, որ լուսանկարները պարունակում են Իսրայելի գաղտնի բազաներ և այլ արգելված գոտիներ:

Նշենք, որ հոկտեմբերի 6-ին իսրայելական F-16I կործանիչը ոչնչացրել էր «Հեզբոլա» շարժմանը պատկանող ԱԹՍ-ն, որը խախտել էր Իսրայելի օդային տարածքը հյուսիսից և խորացել մոտ 55կմ:

Ըստ «Sunday Times»-ի մինչև ոչնչացումը ԱԹՍ-ը Իսրայելի երկնքում եղել է մոտ 3 ժամ։ Ենթադրվում է, որ այն լուսանկարել է Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժության նախապատրաստությունները, հրթիռների տեղակայման վայրերը, օդանավերի թռիչքադաշտերը և միգուցե նաև Դիմոնայի ատոմակայանը:

ԱԹՍ-ի ոչնչացումից հետո Լիբանանում տեղակայված Հեզբոլա շարժումը հայտարարել էր, որ իրեն պատկանող ԱԹՍ-ի մասերն արտադրվել են Իրանում և հավաքվել Լիբանանում:

Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին ասել է, որ ոչնչացված ԱԹՍ-ն իրանական ամենավերջին ԱԹՍ-ներից չէ։ Հիշեցնենք նաև, որ դեռ ապրիլին Իրանը հայտարարել էր, որ սկսել է կառուցել անցած տարի Աֆղանստանի սահմանային գոտում «գերի ընկած» ԱՄՆ RQ-170 Sentinel ԱԹՍ-ի կրկնօրինակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *