Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի հոկտեմբերին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2016թ. հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք:

Մահացածներից հինգը Ադրբեջանի բանակի զինծառայողներ էին, ևս մեկը՝ ներքին զորքերի: Ադրբեջանական կողմի հայտարարության համաձայն՝ կորուստներից մեկը մարտական է, մեկը մահացել է ապրիլյան պատերազմում ստացած վնասվածքից: Մյուս չորսը, այդ թվում՝ 1 փոխգնդապետ, ոչ մարտական կորուստներ են:

• Հոկտեմբերի 5-ին զինված ուժերի շփման գծում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մամեդով Սահիլ Սաբիր օղլուն (Məmmədov Sahil Sabir oğlu): Այս մասին հոկտեմբերի 6-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ  կայքը:

• Հոկտեմբերի 9-ին ավտովթարի արդյունքում մահացել է Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի պայմանագրային զինծառայող, 1995 թ. ծնված Խալիլով Էլշան Շաֆաք օղլուն (Xəlilov Elşən Şəfəq oğlu): Այս մասին հայտնել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

• Հոկտեմբերի 21-ին սպանվել է Ադրբեջանի բանակի Թովուզի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, Հաշիմով Յուսիֆ Յունուս օղլուն (Həşimov Yusif Yunus oğlu): Այս մասին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը։

• Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի ՊՆ հրաձգարաններից մեկում վարժանքների ժամանակ «զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում» մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Միրիև Թելման Միրբաբա օղլուն (Miriyev Telman Mirbaba oğlu): Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:

• Հոկտեմբերի 31-ին Meydan TV լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հոկտեմբերի 30-ին մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող, ապրիլյան մարտերում վիրավորված, Աղդաշի շրջանի բնակիչ Մուսա Գարիբլին:

• Հոկտեմբերի 31-ին բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Ռազմինֆոյին հայտնի էր դարձել, որ մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Լատիֆով Փարվին Ռաքիֆ օղլուն (Lətifov Pərvin Rakif oğlu): Համաձայն սոցցանցերում տարածված տեղեկությունների՝ զինծառայողը ինքնասպան է եղել՝ «նետելով իրեն սարից», ինչպես նշում են աղբյուրները:

Ամփոփ տվյալներով՝ տարվա սկզբից Razm.info-ին հայտնի է դարձել ադրբեջանական պաշտպանական և անվտանգային համակարգերի զոհված զինծառայողների 145 անուն, ևս երկուսի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ին ներկայացված զեկույցներում, մեկի մասին էլ՝ հայտնի է դարձել ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներից: Ընդհանուր առմամբ հայտնի է 148 մահացած զինծառայողի մասին:

Բացի այդ, անհրաժեշտ է նշել, որ ադրբեջանցի մահացած զինծառայողների իրական թիվը զգալիորեն ավելի մեծ է, բայց նրանց մի մասի տվյալները և անունները առհասարակ չեն հայտնվել: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանը պաշտոնապես արգելք է դրել սպանված զինծառայողների մասին պաշտոնականից զատ տվյալների տարածման վրա:

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ:

Ադրբեջանական զինուժի կորուստները սեպտեմբերին՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *