Զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում նոյեմբերի 5-ին նշվել է հետախուզության զորքերի կազմավորման տարեդարձը։ Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ, հետախուզության զորքերի վետերաններ, հետախույզ զինծառայողների հարազատներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։
Մինչ միջոցառման մեկնարկը հյուրերը ծանոթացել են հետախույզների զինանոցում առկա սպառազինությանը, հանդերձանքին, կապի և դիտարկման մասնագիտական միջոցներին։
Հետախույզներին ուղղված շնորհավորական խոսքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ հատուկ նշանանակության ստորաբաժանումների առանձնահատկությունն այն է, որ հակառակորդի յուրաքանչյուր ժամանակավոր հաջողություն չեզոքացնելու և դիրքային իրավիճակն անխաթար պահելու համար առաջինը մարտի են նետվում հենց այդ ստորաբաժանումները:
«Ապրիլյան մարտական գործողություններից հետո մենք ապրում ենք նոր իրականությունում: Եվ զինված ուժերը նույնպես, ոտք են դրել իրենց պատմության մի նոր ու կարևոր շրջափուլ: Կազմավորման 25-րդ տարեդարձին նախորդող ամիսները Հայկական բանակի համար առանձնանում են ժամանակակից, նորարարական լուծումներով հագեցած և բարձրտեխնոլոգիական սպառազինությամբ համալրման մեծ ծավալներով: Բնական է, որ նման միջոցներն առաջին հերթին հատկացվում են հենց հետախույզներին: Այդպիսիք դուք ստացել եք, ու դեռ շատ կստանաք, արդեն իսկ կիրառում եք և վստահաբար տեսել եք, որ դրանցից շատերը մշակվել և արտադրվել են Հայաստանում: Համոզվել եք, որ մենք այլևս ընտրել ենք ոչ թե սպառազինության ու մարտական տեխնիկայի մեծաքանակ գնումներ իրականացնելու, այլ հայկականը` ավելի արդիականն ու բարձր տեխնոլոգիականը ստեղծելու և արտադրելու ճանապարհը»,- նշել է Վիգեն Սարգսյանը՝ հետախույզներին մաղթելով զգոնություն ու աչալրջություն` ժամանակին հայտնաբերելու և չեզոքացնելու իրենց մասնագիտական դժվարին ծառայության ընթացքում անխուսափելի վտանգները:
Տոնական միջոցառումը շարունակվել է հետախուզական ստորաբաժանումների ցուցադրական ելույթներով: Միջոցառման ավարտին հետախուզական զորքերի մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով, անվանական նվերներով և պատվոգրերով:
- Ցուցադրական պարապմունք՝ ՀՀ ԶՈւ հետախույզի օրվա առթիվ