Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը, ընդգծել է, որ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը պարբերաբար լարվածություն է ստեղծում շփման գծում` ավելացնելով կրակոցների քանակը և մեծացնելով կիրառվող զենքերի տրամաչափը:
Վերոնշյալ սադրանքներին Հայաստանի զինված ուժերը պատասխանում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հավատարիմ մնալով որդեգրած զսպման մարտավարությանը:
Դեսպան Կասպրշիկն իր հերթին նշել է, որ ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակը շարունակական աշխատանքներ է իրականացնում շփման գծում լարվածության նվազման նպատակով, և հույս է հայտնել, որ առաջիկայում կհաջողվի առաջընթաց գրանցել վերոնշյալ ուղղությամբ: