Նոյեմբերի 3-ին և 4-ին «Ալի բեյթ օլ մողադաս» անվանումով զորավարժություններ են անցկացվելու Իրանի 13 նահանգներում : Այս մասին հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» ստորաբաժանման հրամանատարի տեղակալ, գեներալ Ալի Ֆազլին:
Փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

«Բեյթ օլ մողադաս» ստորաբաժանումը զորավարժության ժամանակ, լուսանկարը` Մաշրեղ գործակալության (արխիվ)
Զորավարժություններն անցկացվելու են 72 քաղաքներում, ներգրավված են «Բեյթ օլ մողադաս» զորամիավորման 342 և «Քոսար» զորամիավորման 24 գումարտակներ:
Ըստ պաշտոնյայի` մինչև 2017թ. կեսերը զորավարժություններն անցկացվելու են երկրի բոլոր նահանգներում:
Ավելի վաղ զորավարժություններ են մեկնարկել նաև Իրանի հյուսիսային նահանգներում. Մազանդարանում հոկտեմբերի 27-28-ը անցկացվել է «Բեյթ օլ մողադաս» զորավարժության առաջին փուլը, որի ընթացքում իրականցվել է առափնյա շրջանի պարեկություն և պաշտպանություն, խաղարկվել են անտառում մարտ վարելու գործողություններ:
Իսկ Գիլան նահանգի Էնզելի քաղաքում «Ալի բեյթ օլ մողադաս» և «Քոսար» զորամիավորումների 4 գումարտակների ներգրավվածությամբ անցկացվել է հակաահաբեկչական պայքարի և կենսական նշանակության օբյեկտների պաշտպանության թեմայով զորավարժություն:
Ավելի վաղ` հոկտեմբերի 17-19-ը, կենտրոնական Սպահան նահանգում անցկացվել է Իրանի ՌՕՈւ զորավարժությունը, որին ներգրավված էին խորհրդային-ռուսաստանյան արտադրության ՍՈւ-24, ՄԻԳ-29, ամերիկյան արտադրության F-4, F-5, F-14, ինչպես նաև իրանական արտադրության «Սաեղե» կործանիչներ, Boeing-707 և Boeing-747 լիցքավորող ինքնաթիռներ, Lockheed C-130 Hercules բեռնատար ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:
Pingback: Իրանը զորավարժություն է անցկացնելու երկրի կենտրոնում և Իրաքի սահմանին | Ռազմ.info