ՀՀ ԱԻՆ փրկարարները կմասնակցեն ՆԱՏՕ-ի կազմակերպած վարժանքին

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարարության փրկարարական ստորաբաժանումների 22 հոգանոց կազմը մեկնել է Չեռնոգորիա՝ մասնակցելու «Չրնա Գորա 2016» միջազգային դաշտային վարժանքին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

ՆԱՏՕ-ի վարժանքին մասնակցող հայաստանցի փրկարարները

ՆԱՏՕ-ի վարժանքին մասնակցող հայաստանցի փրկարարները

«Չերնա Գորա 2016» վարժանքը կանցկացվի 3 փուլով, 2016 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 4-ը Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում: Առաջին փուլը կլինի շտաբային վարժանք, երկրորդը՝ դաշտային ուսումնավարժություն, իսկ երրորդը՝ թիմերի կարողությունների և հմտությունների ցուցադրում:

Դաշտային ուսումնավարժության սցենարի հիմքում ջրհեղեղի ու քիմիական միջադեպերի արձագանքումն է, իսկ աղետի հետևանքով, ըստ սցենարի, կան մեծ թվով տուժածներ, և շարքից դուրս են եկել կարևոր նշանակության մի շարք ենթակառուցվածքներ:

Հայաստանը ներկայացնող փրկարարներից 5-ը ներգրավված կլինեն վարժանքը ղեկավարող կազմում, իսկ 2-ը՝ տուժած երկրում միջազգային ուժերի համակարգման շտաբում:

Վարժանքի հիմնական նպատակն է զարգացնել ՆԱՏՕ-ի դաշնակից պետությունների փոխգործակցության մակարդակը և բարձրացնել տարատեսակ արհավիրքներին դիմակայելու ազգային կարողությունները:

Վարժանքը կազմակերպել են Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտոնը (EARPCC/ԵԱԱԱՀԿ) և Չեռնոգորիայի ներքին գործերի նախարարությունը՝ Քաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման վարժանքի քաղաքականության շրջանակներում: Այս կենտրոնը ստեղծվել է 1998 թ. Եվրաատլանտյան համագործկացության խորհուրդի կողմից և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կարևոր բաղադրիչներից մեկն է:

Վարժանքը կանցկացվի ՆԱՏՕ-ի՝ Համագործակցություն հանուն խաղաղության (PfP) ծրագրի շրջանակներում և նպատակ ունի բարելավել ու զարգացնել ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների փոխգործակցության մակարդակը: Դրան մասնակցում են շուրջ 30 պետության փրկարարական ստորաբաժանումներ:

One response to “ՀՀ ԱԻՆ փրկարարները կմասնակցեն ՆԱՏՕ-ի կազմակերպած վարժանքին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 31 հոկտեմբերի – 5 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *