Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ռուսաստանյան ընկերությունների մեկի հետ կնքել է պայմանագիր, որով ընկերությունն արդիականացնելու է երկրի զինված ուժերի Իլ-76ՄԴ բեռնատար ինքնաթիռները, ինչի արդյունքում դրանց շահագործման ժամկետն ավելացվելու է 40 տարով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Պայմանագրի համաձայն՝ արդիականացված առաջին երեք ինքնաթիռները զինված ուժերին են հանձնելու 2017 թվականի ընթացքում:
Արդիականացման ընթացքում թարմացվելու են ինքնաթիռների թռիչքային-նավիգացիոն, ռադիոկապի, դեսանտային-տեղափոխող և այլ հանգույցները, պաշտպանության համակարգերը:
Տեղին է նշել, որ Հայաստանի զինված ուժերում նույնպես կան Իլ-76 բեռնատար ինքնաթիռներ: Ավելին՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական հանձնաժողովի 10-րդ նիստին (անցկացվել է 2016-ի հունվարին) նախատեսված էր քննարկել Հայաստանին առնվազն 50 տոկոս թռիչքային ռեսուրսներով երեք միավոր Իլ-76 օդանավ մատակարարելու հնարավորությունը։